News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 21
USD
481.66
EUR
546.54
RUB
6.29
Տեսնել լրահոսը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրապարակել է իր գնահատականը` ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2011թ. գործունեության վերաբերյալ:

Օմբուդսմենի գնահատականում նշվում է.

«2011 թվականին Հանձնաժողովի պատասխանատվության ոլորտում հայտնաբերված խնդիրները եւ գրանցած ձեռքբերումները ներկայացված են ստորեւ, սակայն ոչ սպառիչ։

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2000թ., իսկ Հանձնաժողովը ՀՀ-ում ստեղծվել է 2001թ. հունվարի 13-ին:  2011թ.-ին Համաշխարհային բանկի աջակցությամբ վերանայվել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքը եւ արդյունքում այն մեծ չափով համապատասխանեցվել է միջազգային չափանիշներին: Օրենքի նոր տարբերակն ավելի լայն հնարավորություններ է տվել Հանձնաժողովին առավել արդյունավետ աշխատելու առումով:

Թեեւ այս ամենին, տնտեսական մրցակցության ապահովման մակարդակը Հայաստանի Հանրապետությունում դեռեւս բավարար չէ: Համաշխարհային տնտեսական ֆորումի ցուցանիշներով, թեեւ հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետության գործակցով ՀՀ-ը արձանագրել է որոշակի առաջընթաց, սակայն ներքին մրցակցության եւ հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետության մակարդակով ՀՀ-ը շարունակել է գրավել ցածր դիրքեր: Միայն 2011թ. Հանձնաժողովի կողմից ուսումնասիրված 13 ապրանքային շուկաներից 12-ը գնահատվել են որպես բարձր կենտրոնացված: Արձանագրվել են նաեւ նոր տնտեսվարող սուբյեկտների շուկա մուտք գործելու խոչընդոտման դեպքեր այդ շուկաներում գերիշխող դիրք ունեցող սուբյեկտների կողմից: 

Թեեւ 2011թ. Հանձնաժողովի կողմից տնտեսվարող սուբյեկտներին պատասխանատվության ենթարկելու որոշումները նախորդ տարվա համեմատ աճել են մոտ կրկնակի եւ արդյունքում ՀՀ պետական բյուջե մուծված գումարները՝ մոտ 6 անգամ, այնուամենայնիվ, Հանձնաժողովի կողմից համապատասխան դեպքերում ձեռնարկված միջոցները չեն արտացոլել տարբեր ապրանքային շուկաներում գոյություն ունեցող մրցակցային օրենսդրության խախտման դեպքերի  իրական պատկերը եւ բավարար չափով չեն ազդել երկրում տնտեսական մրցակցության պաշտպանության վիճակի վրա:

Բավարար չեն եղել Հանձնաժողովի կողմից ձեռնարկված միջոցները հակամրցակցային գործողությունների դրսեւորման դեպքերի կանխարգելման եւ դադարեցման ուղղությամբ: Հանձնաժողովն իր որոշումներով պատասխանատվության է ենթարկել մի շարք տնտեսվարող սուբյեկտների հակամրցակցային գործողությունների դրսեւորման համար: Տնտեսվարող սուբյեկտները բողոքարկել են Հանձնաժողովի որոշումները` չկատարելով դրանց պահանջները: Դատաքննության ողջ ժամանակահատվածում, որը կարող է տեւել մինչեւ երկու տարի, Հանձնաժողովը որեւէ միջոց չի ձեռնարկել իր կողմից կայացված որոշումների կատարման գործընթացն ապահովելու համար: Օրինակ` Հանձնաժողովին տրված է իրավասություն տնտեսվարող սուբյեկտին պատասխանատվության ենթարկել Հանձնաժողովի որոշման չկատարման համար, սակայն Հանձնաժողովը սպասել է մինչեւ դատաքննության ավարտը:

Բավարար չեն եղել Հանձնաժողովի կողմից ձեռնարկված միջոցները նաեւ անբարեխիղճ մրցակցության դրսեւորման դեպքերի կանխարգելման եւ դադարեցման ուղղությամբ:   Արձանագրվել է «Ալեքս Գրիգ» ընկերության կողմից ուկրաինական գրեթե համանուն օղիներին շփոթության աստիճան նման օղիների արտադրման եւ իրացման դեպք: Նշվածի կապակցությամբ Հանձնաժողովը վարույթ է սկսել 2009թ.-ին, եւ Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումը ընկերության կողմից բողոքարկվել է դատական կարգով: Հանձնաժողովն ընկերության նկատմամբ անբարեխիղճ մրցակցության համար կիրառել է տուգանք, ինչպես նաեւ ընկերությունից պահանջել է վերացնել խախտումը, այսինքն` 1-ամսյա ժամկետում շրջանառությունից հանել համապատասխան  արտադրանքը: «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքով տնտեսվարող սուբյեկտի կողմից Հանձնաժողովի որոշումների չկատարման համար սահմանված է վարչական պատասխանատվություն կիրառելու հնարավորություն, ինչպես նաեւ Հանձնաժողովի որոշման բողոքարկման դեպքում` դրա գործողության կասեցման արգելքը: Այնուամենայնիվ, Հանձնաժողովի կողմից երկու տարվա ընթացքում չեն ձեռնարկվել բավարար միջոցներ իր որոշումները չկատարող տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ համարժեք վարչական պատասխանատվության միջոցների կիրառման ուղղությամբ:

 Թեեւ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի վերջին փոփոխություններով զգալիորեն ընդլայնվել են Հանձնաժողովի լիազորությունները հակամրցակցային գործողությունների վերաբերյալ ապացույցներ ձեռք բերելու գործընթացում, այնուամենայնիվ դեռեւս Հանձնաժողովին ընձեռված գործիքակազմը բավարար չի եղել արդյունավետորեն իրականացնելու տնտեսական մրցակցության պաշտպանության նկատմամբ վերահսկողությունը: Մասնավորապես` Հանձնաժողովը ստուգումների իրականացման ոլորտում ընձեռնված չէ այնպիսի լիազորություններով, որոնք նրան հնարավորություն կտան ապացույցներ ձեռք բերել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի այնպիսի թաքնված խախտումների վերաբերյալ, ինչպիսին է, օրինակ, հակամրցակցային համաձայնությունը, որի մասնակիցները` տնտեսվարող սուբյեկտները, ձեռնարկում են բոլոր միջոցները իրենց պայմանավորվածությունը գաղտնի պահելու համար: Գրեթե բոլոր երկրներում մրցակցության պաշտպանության մարմիններն օժտված են ստուգման լայն իրավասություններով, ինչն էլ հնարավորություն է տալիս նրանց բացահայտելու նույնիսկ ամենագաղտնի համաձայնությունները: Այդ է պատճառը, որ ՀՀ մրցակցային օրենսդրությունն ուսումնասիրող բոլոր միջազգային փորձագետներն առաջարկել են Հանձնաժողովին օժտել ստուգման լիազորություններով:

 Հանձնաժողովը բավարար միջոցներ չի ձեռնարկել տնտեսական մրցակցության հարցերի վերաբերյալ հանրությանն իրազեկելու ուղղությամբ, ինչն էլ իր հերթին նվազեցրել է սպառողների իրավունքների ապահովման եւ պաշտպանության արդյունավետությունը: Չնայած գործել է Հանձնաժողովի պաշտոնական կայքէջը, սակայն այն ոչ բավարար տեղեկատվություն է պարունակել ոլորտի խնդիրների վերաբերյալ: Միաժամանակ կայքէջը չի ներառել անգամ վիճակագրական տվյալներ Հանձնաժողովի գործունեության վերաբերյալ: Բավարար չափով չի ապահովվել մրցակցության ոլորտում տնտեսվարող սուբյեկտների անբարեխիղճ գործունեության արդյունքում ապրանքների գները անհիմն բարձրացնելու, անորակ կամ ժամկետանց սննդամթերք վաճառելու եւ հանրային նշանակության այլ հարցերի վերաբերյալ Հանձնաժողովի իրականացրած գործողությունների հրապարակայնությունը եւ թափանցիկությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել