Ռումինիայի մշակույթի եւ ազգային ժառանգության նախարարությունում, այսօր` ապրիլի 5-ին, կայացել է ռումինահայ մշակութային ժառանգության վերաբերյալ համատեղ միջոցառումների ծրագրի աշխատանքային խմբի առաջին համատեղ նիստը` Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանի եւ Ռումինիայի մշակույթի եւ ազգային ժառանգության նախարարության փոխպետքարտուղար Իրինա Կաժալ-Մարինի /Irina CAJAL-MARIN ղեկավարությամբ:
Նիստին մասնակցել են նաեւ Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթեւ Եպս. Հակոբյանը, Ռումինիայի Հայոց Միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, ռումինահայ մտավորականներ, ինչպես նաեւ Ռումինիայի պատմության եւ արվեստի ազգային թանգարանների պատասխանատուներ, Ռումինիայի մշակույթի եւ ազգային ժառանգության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Նիստի ժամանակ փոխադարձ համաձայնությամբ որոշվել է աշխատանքները շարունակել մասնագետների ընդգրկմամբ, 2012-2013թթ. ընթացքում կազմակերպելու համար մի շարք խոշոր միջոցառումներ, որոնց մեջ` Միջազգային գիտաժողով Ռումինահայ մշակութային ժառանգության վերաբերյալ, Ռումինիայի Արվեստի ազգային թանգարանում այդ հարուստ ժառանգությանը եւ հայ արվեստին նվիրված մեծ ցուցահանդես, վավերագրական ֆիլմի համատեղ նկարահանում, ինչպես նաեւ ռումինահայոց պատմությանը եւ մշակութային ժառանգությանը նվիրված պատկերազարդ հատորի հրատարակում:
Այս հարցերի շուրջ ռումին եւ հայ մասնագետների միջեւ հաջորդ հանդիպումը կկայանա ապրիլի 20-ին Երեւանում, Ռումինիայի մշակույթի եւ ազգային ժառանգության նախարար Կելեմեն Հունորի այցի նախօրյակին:




























