Աշխարհի խոշորագույն Facebook սոցիալական ցանցն ընտրել է այս տարվա մայիսին IPO-ն տեղադրելու վայրը. այն կանցկացվի Nasdaq բորսայում:
Nasdaq-ը, որտեղ արդեն սակարկում են Apple-ի, Google-ի, Microsoft-ի բաժնետոմսերը, հաստատել է իր վարկանիշը` որպես տեխնոլոգիական ընկերությունների գլխավոր հարթակ: Facebook-ի ցուցակագրման իրավունքն ստանալու համար պայքարում էր նաեւ NYSE-ը, հաղորդում է «Ինտերֆաքսը»` հղում անելով The Wall Street Journal-ին:
Ինչպես ավեղի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Facebook-ը IPO-ի հայտ էր ներկայացրել ընթացիկ տարվա փետրվարի սկզբին: 5 միլիարդ դոլարը, որը նախատեսում է ներգրավել ընկերությունը, այդ IPO-ն կարող է դարձնել համաշխարհային համացանցային արդյունաբերության մեջ խոշորագույնը:
Թեպետ Facebook-ն սկզբնական հայցում նշել էր 5 միլիարդ դոլար նախատեսված գումար, այն կարող է ընթացքում կրկնապատկվել: Սոցցանցը նախատեսում է ստանալ IPO-ի գնահատականը 75-100 միլիարդ դոլարի սահմաններում, որի համար էլ պատրաստվում է ներգրավել շուրջ 10 միլիարդ դոլար:
2011 թվականին Facebook-ն ստացել է 1 միլիարդ դոլարի չափով մաքուր եկամուտ, որը 65%-ով գերազանցում է 2010 թվականի ցուցանիշը: Ընկերության ակտիվները գնահատվում են 5,23 միլիարդ դոլար, որոնցից 3,9 միլիարդ դոլարը` թղթադրամներով եւ արժեթղթերով: Սոցցանցի աշխատակիցների թիվը կազմում է 3,2 հազար մարդ:
Մինչեւ IPO-ն Facebook-ը համարվում է մասնավոր ընկերություն, եւ նրա բաժնետոմսերը չեն վաճառվում ավանդական բորսաներում: Սակայն ընկերության բաժնետոմսերի տերերը կարող են դրանք վերավաճառել SharesPost-ի եւ SecondMarket-ի նման այլընտրանքային էլեկտրոնային բորսաներում: Վաճառողների դերում, որպես կանոն, հանդես են գալիս աշխատակիցները կամ նախնական ներդրողները, իսկ գնորդներ` ներդրող ընկերությունները կամ շուկայի խոշոր խաղացողները:




























