Հակակարկտային կայանների տեղակայման աշխատանքներում թույլ է տրվել 15,5 մլն դրամ հավելագրում (2009թ.` 5,6 մլն դրամ եւ 2010թ.` 9,9 մլն. դրամ): Այդ մասին նշված է ՀՀ Վերահսկիչ պալատի հաշվետվությունում, ուր ամփոփված են ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից բյուջետային միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողության արդյունքները:

Հակակարկտային կայանները տեղակայվել է Ճապոնիայի կառավարության աջակցությամբ: Ծրագրով կարկտի դեմ պայքարի գոյություն ունեցող մեթոդներից նպատակահարմար եւ ընդունելի են համարվել երկուսը: Առաջինն`ացետելինով գործող գազագեներատորային մեթոդն է (մինչեւ 50% արդյունավետություն, պաշտպանվող տարածքը 80հա): Երկրորդը`  քիմիական ռեագենտով գործող (ֆրանսիական) գեներատորային մեթոդն է (մինչեւ 45% արդյունավետություն,  պաշտպանվող տարածքը 670հա)։ Վերջինով նախատեսվել է նաեւ լրացուցիչ տեղումների՝ անձրեւի եւ ձյան ստացումը։

Հակակարկտային կայանների մատակարարման պայմանագիրը կնքվել է «Պոստ Լեքս Քոնսալթինգ» ընկերության հետ` թվով 76 կայաններ: Սակայն այդպես էլ ֆրանսիական ռեագենտով գործող կայանները չեն տեղակայվել, թեեւ կրկնակի էժան են մյուների համեմատ ու պաշտպանում են 8 անգամ ավելի մեծ տարածք:

Իսկ կառուցված կայաններն էլ առ այսօր չեն անցել միջգերատեսչական բազմաբնույթ փորձարկումներ եւ որոշված չէ այդ կայանների հիմնական տեխնիկական բնութագրերը։ Ոչնչով չի հիմնավորվում կայանների արդյունավետությունը, պաշտպանվող տարածքի (մակերեսի) չափը, էկոլոգիական անվտանգությունը (այդ թվում թռչունների նկատմամբ), ուսումնասիրված չէ կայանների ազդեցությունը ներգործության գոտին հատող թռչող ապարատների վրա: