Եթե նույնիսկ մեկ ուժ հավանություն տա ընտրությունների քաղաքակիրթ անցկացման կանոններ մշակելու առաջարկին, ապա ՀՀԿ-ն պատրաստ է քննարկումներին: Այս մասին այսօր` ապրիլի 9-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԿ Գործադիր մարմնի անդամ, վերոնշյալ առաջարկության հեղինակ Դավիթ Հարությունյանը` հավելելով, որ որեւէ խնդիր չկա, եւ ոչ թե մեկ, այլ շատ ավելի ուժեր կլինեն: 

Նրա խոսքով` ովքեր չէին ստացել առաջարկությունը, արդեն ստացել են, ծանոթացել են եւ եւս պատրաստ են մասնակցել քննարկումներին: «Կարծում եմ, որ քննարկումները օգտակար են լինելու եւ որեւէ ձախողման հիմք չեմ տեսնում: Քննարկումները կլինի համակողմ, հավանաբար կգտնենք ինչ-որ ֆորմատ, թե ինչպես կազմակերպել դրանք»,- նշեց նա:  Թե քանի հոգի կմասնակցեն քննարկումներին, Դավիթ Հարությունյանը նախընտրեց որեւէ թիվ չհրապարակել, հայտնի չէ նաեւ, թե երբ են սկսելու քննարկումները: Բացի ՀԱԿ-ից` առաջարկությունը միանշանակ մերժած այլ ուժերի մասին նա տեղեկություն չուներ:

Հիշեցնենք, ապրիլի 5-ին, հայտարարություն էր տարածել ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը, ով ընտրություններին մասնակցող ուժերին առաջարկել է ընտրությունների պատշաճ անցկացման քաղաքակիրթ մրցակցություն ապահովող կանոներ մշակել

Նրա առաջարկը ողջունել է ՕԵԿ-ը, իսկ կոալիցիոն մյուս գործընկերը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նշել էր, որ պաշտոնապես առաջարկ չի ստացել քաղաքական որոշ ուժերի կողմից ընտրությունների քաղաքակիրթ անցկացման կանոներ մշակելու վերաբերյալ:

Հայաստանի դեմոկրատական, «Ժառանգություն» կուսակցությունները հայտարարել էին, որ  հանդես կգան պատասխան առաջարկություններով, իսկ Կոմունիստական կուսակցությունը  հայտնել էր, որ  եթե Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունն իր վրա վերցնի ազատ եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու պարտավորությունը, ինչպես նշվում է  ՀՀԿ-ի գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանի հայտարարության մեջ, ապա իրենք կողջունենք այդ նախաձեռնությունը:

Առաջարկը միանշանակ մերժել է ՀԱԿ-ը, «Միավորված հայեր» կուսակցությունը եւս չի պատրաստվում որեւէ փաստաթղթի տակ ստորագրել, միասնական շտաբեր ձեւավորել եւ այլն: