Վրաստանի Քվեմո Քարթլի տարածաշրջանում բնակվող 222 450 ադրբեջանցիների 80 տոկոսը չի տիրապետում պետական լեզվին:

Այս տվյալները հաղորդեց Վրաստանում ադրբեջանական մշակույթի կենտրոնի ներկայացուցիչ, հասարակական կազմակերպությունների եւ երիտասարդների հետ աշխատանքի ղեկավար Լեյլա Մամեդովան: Վերջինիս խոսքով, մտածելու տեղիք է տալիս նաեւ այն, թե մնացած 20 տոկոսը որքանով գիտի վրացերենը: Պետական լեզվի չիմացության հարցը հատկապես սուր է դրված ադրբեջանցիներով խիտ բնակեցված շրջաններում:

Վրացերենին չտիրապետելու հիմնական պատճառը մասնագետների պակասն է: Ինչպես Մամեդովան ասաց, վրացերենի ուսուցիչները չեն ցանկանում մեկնել հեռավոր գյուղեր աշխատելու, քանի որ քաղաքում վաստակածով էլ կարողանում են ապրել: Մասնագետների խնդիրը լուծելու համար Վրաստանի կառավարությունը վերջերս հաստատել է ծրագիր, որով հեռավոր շրջաններում աշխատող ուսուցիչների համար նախատեսում է աննխադեպ բարձր, գրեթե 1000 դոլարի հասնող աշխատավարձ:

Լեզվական անջրպետը հաղթահարելու նպատակով Վրաստանում ադրբեջանցիների մշակույթի կենտրոնն էլ իր հերթին հատուկ կրթական ծրագիր է իրականացնում, որով ադրբեջանական 70 դպրոցներում լրացուցիչ վրացերենի դասեր են անցկացնում: Դասընթացները նախատեսված են բարձր դասարանների աշակերտների համար եւ նպատակ ունեն նրանց պատրաստելու բուհերի ընդունելությանը:

Վրաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների բարձրագույն կրթություն ստանալու եւ վրացերենի իմացության խնդիրը լուծելու համար, երկրի կառավարությունը 2010 թվականից նոր արտոնություններ է տալիս էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Հայերը, ադրբեջանցիները, հրեաները կամ մեկ այլ ազգի ներկայացուցիչ հնարավորություն կունենա մայրենիով քննություն հանձնել եւ ընդունվել վրացական որեւէ բուհի նախապատրաստական բաժին, որտեղ մեկ տարի վրացերեն սովորելուց հետո նորից պետք է քննություն հանձնեն եւ շարունակեն ուսումը:

Պետական լեզվին չտիրապետող ադրբեջանցիների տեղեկատվական բացը լրացնելու համար Քվեմո Քարթլիում ադրբեջաներենով լույս է տեսնում շրջանի կյանքի եւ Վրաստանում կատարվող իրադարձությունների մասին պատմող պարբերական: Վրաստանի ադրբեջանական մշակույթի կենտրոնը եռամսյակը մեկ 2000 օրինակով հրատարակում է նաեւ «Մեյդան» թերթը, որն անվճար տարածվում է Քվեմո Քարթլիի շրջանում եւ դրանից դուրս:

Քվեմո Քարթլիի տարածաշրջանում բնակվող ադրբեջանցիներին համար ցավալի հարց է նաեւ այն, որ տեղի ցուցանակները եւ ադրբեջանական գյուղերը վերանվանվում են վրացական անուններով:
Լեյլա Մամեդովայի խոսքով, առօրյայում եւ խոսակցականում ոչ մեկն իրականում չի օգտագործում վերանվանված տարբերակները:

«Այնպիսի անուներ են դնում, որ չես էլ կարողանում արտասանել։ Հետո, կան գյուղեր, որոնք 90 տոկոսով ադրբեջանական են, իսկ ոչ մի ադրբեջանական գրություն չկա, անհասկանալի է», ասում է Զեմֆիրա Ազիզբեկովան, ով ներկայացնում է «Իրավապաշտպան մոնիտորինգայի խումբը»։

Իսկ Լեյլա Մամեդովան էլ, իր հերթին, հավելում է.
«Բնակավայրերի էթնիկ անուների վերափոխումը Քվեմո Քարթլիի շրջանում, երեկ չէ, որ սկսվել է: Սա սկսվել է 90-ականերին սկզբին, երբ իշխանության գլուխ եկան ազգայնականները։ Բայց դա շարունակվելու միտում ունի մինչ օրս, թեպետ, կարծում եմ, որ գործընթացը դադարի վիճակում է»:

Նշենք, որ Վրաստանի խոշորաթիվ ազգային փոքրամասնություններն են ադրբեջանցիները, հայերը, ռուսները, հրեաները, հույները եզդիներ: Նրանց քանակը հասնում է 700 հազարի, որը կազմում է երկրի բնակչության գրեթե 16 տոկոսը: Քվեմոքարթլիի տարածաշրջանը եւ, մասնավորապես, Մառնեուլ քաղաքը մեծամասամբ բնակեցված է ադրբեջանցիներով, որոնք կազմում են տեղի բնակչության 86 տոկոսը: