Հայաստանի հրեական համայնքը հիասթափված է իսրայելցի նախարարի Հայաստան կատարած առաջին այցից: Օրիթ Նոկեդը չի հանդիպել տեղի համայնքի հետ եւ սահմանափակվել է միայն համայնքի ղեկավարի հետ մի երկու նախադասություն փոխանակելով:

Հիշեցնենք, որ ապրիլի 15-17-ին պամության մեջ առաջին անգամ կայացել էր իսրայելցի նախարարի այցը Հայաստան:

Գյուղատնտեսության նախարար Օրիթ Նոկեդը հանդիպումներ էր ունեցել վարչապետ Տիգրան Սարգսյանի, գյուղնախարար Սերգո Կարապետյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի հետ:

Սակայն Նոկեդն անտեսել է հանրապետության հրեաներին. «Մեզ տեղեկացրեցին, որ հանդիպումը չի լինելու, քանի որ նա մեկնել է Վրաստան»,-իսրայելական «IzRus»  պորտալին ասել է համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյան- Ֆելլերը:

Նրա խոսքով` հանդիպումը մեծ նշանակություն ուներ Հայաստանի հրեաների համար. «Մենք ձգտում ենք կամուրջ լինել երկրների միջեւ, բարելավել Իսրայելի իմիջը  հանրապետությունում: Ցանկանում էինք նաեւ նախարարի հետ շփվել: Բայց արդյունքում նրա հետ միայն ես հանդիպեցի: Միջոցառումներից մեկի ժամանակ մենք այցեքարտեր փոխանակեցինք, մի երկու բարեկամական խոսք եւ վերջ»,-հիասթափված ասել է հրեական համայնքի ղեկավարը:

Նրա խոսքով`  2010թ. վերջից,  երբ  Երեւանում Իսրայելի դեսպանի պաշտոնն ստանձնել է Շմուել Մերոմը, Իսրայելի ԱԳՆ-ն անտեսում է հրեական համայնքին: «Նախորդ դիվանագետները մեզ հետ կապ էին հաստատում,  նա շրջանցում է Հայաստանի հրեաներին: Չգիտեմ` ինչու, բայց դա փաստ է»,-եզրափակեց նա: