Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի 18.04.2012թ. 59-Ա1 հրամանով, Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի պարտականությունների կատարումը հանձնարարվել է ԵՊԼՀ-ի իրավական, վարչական եւ տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Գաբրիել Բալայանին՝ մինչեւ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի ապրիլի 10-ի հրամանով Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի նկատմամբ երկրորդ անգամ կիրառվել էր կարգապահական տույժ՝ հայտարարվել է խիստ նկատողություն:
Նախարար Արմեն Աշոտյանն ավելի ուշ հրաման էր ստորագրել` «Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առեւտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար` ռեկտոր Ս. Զոլյանի լիազորությունները դադարեցնելու եւ 2008 թվականի մարտի 17-ին կնքված թիվ 134 աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին»։



























