Հայաստանում ԱՄՆ դեսպանատան եւ Հայաստանի Կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ դեկտեմբերի 8-ին տեղի է ունեցել «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի երկրորդ մասնաշենքի բացումը: Այն նորոգվել է ԱՄՆ կառավարության աջակցությամբ: Շինության պաշտոնական բացումը կատարել են ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը եւ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԱՄՆ կառավարությունը Թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության ծրագրի շրջանակում 1.275.000 ԱՄՆ դոլար է ներդրել շենքի վերանորոգումն ավարտելու համար:

Վերանորոգման ծրագիրը իրականացվել է ԱՄՆ բանակի ինժեներական կորպուսի կողմից` CESCO Ltd. տեղական շինարարական կազմակերպության հետ համատեղ:

Ծրագիրը ներառել է շենքի կոնստրուկցիոն-կառուցվածքային գնահատում, առաջին, երկրորդ եւ երրորդ հարկերի վերանորոգում, ջրի եւ էլեկտրականության մատակարարում, հակահրդեհային եւ հեռախոսակապի համակարգերի տեղադրում: Շենքում տեղադրված է անվտանգության առաջնակարգ համակարգ, որը թույլ է տալիս հսկել մուտքը դեպի լաբորատորիաներ եւ ապահովել իրեղեն ապացույցների անվտանգ պահպանությունը:

Այս լաբորատորիայում կիրականացվեն իրեղեն ապացույցների հետ կապված ժամանակակից փորձաքննություններ` քրեական եւ քաղաքացիական գործերով: