Առաջին թռիչքը դեպի Մարս կարող է տեղի ունենալ արդեն 21-րդ դարի առաջին կեսին: Նման կանխատեսմամբ է հանդես եկել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Անատոլի Գրիգորեւը` բացելով «Մարս-500» նախագծի արդյունքներին նվիրված գիտաժողովը:
Իր հերթին ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի օգնական Եկատերինա Պոպովան ողջունել է ֆորումի մասնակիցներին, նշել, որ Մարս կատարելիք թռիչքի իրականացումը մեծ խթան կհանդիսանա տեխնոլոգիաների զարգացման համար: «Իհարկե, մենք պետք է բարդ խնդիրներ լուծենք, այնպիսիք, ինչպիսիք են պաշտպանությունը ճառագայթումից, որպեսզի նման փորձը հաջողություն բերի ե'ւ գիտությանը, ե'ւ պահպանվի անձնակազմը», - ասել է Պոպովան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Մինչդեռ, ինչպես կարծում է Միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտի ճառագայթային կենսաբանության լաբորատորիայի տնօրեն Եվգենի Կրասավինը, դեպի Մարս մարդու գլխավոր խոչընդոտը կլինի տիեզերական ճառագայթների ազդեցությունը, որոնք քայքայիչ են մարդու կենտրոնական նյարդային համակարգի համար, եւ որը հնարավոր չէ տեխնոլոգիայի ժամանակակից զարգացման մակարդակի առումով: «Ելքը մեկն է` պետք է արագ թռչել: Պետք է Մարս հասնել ոչ թե մեկ տարում, այլ երեք անգամ ավելի արագ», - եզրակացրել է գիտնականը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ամերիկյան գիտնականների առջեւ խնդիր էր դրել կազմակեպել թռիչք դեպի Մարս մինչեւ 2030 թվականը: Օգոստոսին ՆԱՍԱ-ն կպատրաստի հետագա երկու տասնամյակներին Մարսի հետազոտման ռազմավարության նախագիծը:
«Մարս-500» միջմոլորակային ցամաքային թռիչքի փորձը տեղի էր ունեցել Մոսկվայում` Բժշկակակենսաբանական խնդիրների ինստիտուտում: 7 մարսագնացներ 520 օր են անցկացրել հատուկ մոդուլներում եւ «վերադարձել» Երկիր 2011 թվականի նոյեմբերի 4-ին:




























