Դեկտեմբերի 9-ին սկսվում է Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի պետական այցը Հայաստան: Այցը կսկսվի հին ձեռագրերի թանգարանի՝ Մատենադարանի 50 ամյակին նվիրված հանդիսավոր համերգին մասնակցելուց: Օրվա երկրորդ կեսին կայանալու է Զատլերսի հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Լատվիացի հյուրը բանակցություններ է վարելու նաեւ խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:
Լատիվայի նախագահը մասնակցելու է նաեւ հայ-լատվիական համաժողովին, որ կայանալու է Երեւանում, այցելելու է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ Երեւանի պետական համալսարան: Այցի ընթացքում նախագահին ուղեկցելու են 62 գործարարներ. սա Լատվիայի նախագահի ամենախոշոր այցերից մեկն է: Պատվիրակության կազմում են Լատվիայի տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի ներկայացուցիչներ, որոնք մտադիր են Հայաստանում վաճառքի նոր շուկաներ գտնել: Պատվիրակության կազմում են նաեւ էկոնոմիկայի նախարար Արտիս Կամպարսը, ներքին գործերի նախարար Լինդա Մուրնիեցեն եւ շրջակա միջավայրի պահպանության նախարար Ռայմոնդ Վեյոնիսը:




























