Եվրոպացի դիվանագետները մտահոգված են, որ Եվրոպական միությունը չափազանց վաղ է նախաձեռնել կոլեկտիվ պաշտպանության դրույթների քննարկումը, ինչը կարող է հարուցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բացասական արձագանքը։ Այս մասին հայտնում է Euractiv պորտալը։
Ինչպես պորտալի լրագրողների հետ զրույցում նշել են դիվանագետները, սպառնալիքներին բացառապես ԵՄ ուժերով՝ առանց ՆԱՏՕ-ի մասնակցության, ռազմական պատասխան տալու մեխանիզմների շուրջ քննարկումները սկսվել են «չափազանց վաղ ժամանակահատվածում»։ Դրանք կարող են հանգեցնել Թրամփի բացասական արձագանքին, որը «հայտնի է իր բռնկուն բնավորությամբ» և բազմիցս բարձրացրել է ՆԱՏՕ-ի արժեքի հարցը։ Պորտալի զրուցակիցներից մեկի խոսքով՝ եթե ԵՄ-ն սկսի կոլեկտիվ պաշտպանության ինքնուրույն պլանավորում իրականացնել անվտանգության ապագա ճգնաժամի դեպքի համար, ապա ԱՄՆ նախագահի մոտ կարող է հարց առաջանալ, թե արդյո՞ք Եվրոպան ունի ՆԱՏՕ-ի կարիքը։
Ավելի վաղ Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Կիպրոսում Եվրամիության առաջնորդների ոչ պաշտոնական գագաթնաժողովի արդյունքներով հայտարարել էր, որ հանդիպման ընթացքում առաջին անգամ քննարկվել են համակարգի երկրներից մեկի դեմ ագրեսիայի դեպքում առանց ՆԱՏՕ-ի մասնակցության ռազմական պատասխանի մեխանիզմները։ Պաշտպանության հարցերով եվրահանձնակատար Անդրյուս Կուբիլյուսն իր հերթին հանդես է եկել այն հայտարարությամբ, որ Եվրամիությունը պետք է կոլեկտիվ անվտանգության լիազորություններ ստանձնի (համանման ՆԱՏՕ-ի Վաշինգտոնյան պայմանագրի 5-րդ հոդվածին)։ Այս համատեքստում սովորաբար հիշատակվում է Եվրոպական միության մասին պայմանագրի 42.7 հոդվածը։ 42.7 հոդվածը Պայմանագրում ներառվել է 2009 թվականին և սահմանում է ԵՄ բոլոր երկրների պարտավորությունը, ըստ որի պետք է օգնություն ցուցաբերել ագրեսիայի զոհ դարձած դաշինքի անդամին «բոլոր հասանելի միջոցներով»։ Հաջորդող 15 տարիների ընթացքում այս հոդվածը դիտարկվել է որպես տեսական քայլ, սակայն Եվրոպայում կոլեկտիվ անվտանգության ոլորտի բոլոր գործառույթներն իրականացվում են ՆԱՏՕ-ի կողմից։





























