Գիտնականները կրկին անդրադարձել են ամենահին «պարանորմալ» հանելուկներից մեկին, թե ինչու են որոշ տներ, նկուղներ և հին շենքեր մարդկանց մեջ առաջացնում տագնապի զգացում, օտար ներկայության զգացողություն կամ նույնիսկ իրական վախ։ Եվ, թվում է, պատճառը կարող են լինել ոչ թե ուրվականները, այլ ինֆրաձայնը՝ ցածր հաճախականության ձայնային ալիքները, որոնք մարդը գրեթե չի լսում, բայց կարող է զգալ մարմնով։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Frontiers in Behavioral Neuroscience ամսագրում։
Խոսքը մոտ 20 հերցից ցածր ձայների մասին է։ Մարդու ականջը սովորաբար դրանք չի ընկալում, սակայն օրգանիզմը միևնույն է արձագանքում է դրանց։ Այդպիսի ալիքներ կարող են ստեղծել հին խողովակները, օդափոխության համակարգերը, արդյունաբերական սարքավորումները, տրանսպորտի շարժը, քամին և նույնիսկ որոշ բնական երևույթներ՝ փոթորիկներից մինչև երկրաշարժեր։ Հետազոտողները վաղուց էին կասկածում, որ հենց ինֆրաձայնը կարող է ընկած լինել բազմաթիվ «միստիկական» զգացողությունների հիմքում։
Մաքյուենի համալսարանի հոգեբաններ Ռոդնի Շմալցի և Քեյլ Սքաթերթիի նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ինֆրաձայնի ազդեցությունն իսկապես փոխում է մարդու հուզական վիճակը։ Փորձին մասնակցած 36 կամավորները երաժշտություն էին լսում, մինչդեռ թաքնված բարձրախոսները վերարտադրում էին 18 հերց հաճախականությամբ ինֆրաձայն։ Մասնակիցները չէին կարող գիտակցաբար որոշել՝ կա՞ արդյոք այդ ձայնը, սակայն շատերի մոտ բարձրացել էր կորտիզոլի՝ սթրեսի հորմոնի մակարդակը, ինչպես նաև ուժեղացել էին գրգռվածությունն ու անհարմարության զգացողությունը։ Նույնիսկ հանգիստ երաժշտությունը սկսում էր ավելի մռայլ և տագնապալի թվալ։
Հատկապես հետաքրքիր է, որ ազդեցությունն առաջանում էր անկախ մասնակիցների սպասումներից։ Գիտնականները կարծում են, որ հենց այդ պատճառով մարդիկ հին շենքերում կարող են զգալ անբացատրելի լարվածություն կամ ունենալ «ինչ-որ բանի սխալ լինելու» զգացողություն՝ չհասկանալով, թե որտեղից է դա գալիս։ Իսկ եթե մարդուն նախապես ասեն, որ տեղը համարվում է «անիծված» կամ «ուրվականներով բնակեցված», ուղեղը հեշտությամբ կապում է ֆիզիկական անհարմարությունը միստիկայի հետ։
Միևնույն ժամանակ, հետազոտողներն ընդգծել են, որ ինֆրաձայնը չի բացատրում ուրվականների մասին բոլոր պատմությունները։ Գիտությունը դեռևս չունի հաստատումներ այն մասին, որ ցածր հաճախականության ալիքները, օրինակ,կարող են շարժել առարկաներ կամ մարդկանց մեծամասնության մեջ առաջացնել լիարժեք հալյուցինացիաներ։ Սակայն դրանք կարող են ստեղծել տագնապի, «ինչ-որ մեկի ներկայության» և ֆիզիկական լարվածության զգացում՝ հատկապես մութ տարածքի, վտանգի սպասման և երևակայության աշխատանքի հետ համատեղ։
Գիտնականները կարծում են, որ թեման կարևոր է ոչ միայն միստիկայի սիրահարների համար։ Ինֆրաձայնը լայնորեն տարածված է ժամանակակից քաղաքներում․ այն ստեղծում են ճանապարհները, արդյունաբերական օբյեկտները, օդափոխության համակարգերը և նույնիսկ խոշոր տվյալների կենտրոնները։ Այդ պատճառով հետազոտողներն ավելի ու ավելի լրջորեն են ուսումնասիրում նման տատանումների հնարավոր ազդեցությունը մարդու հոգեկանի, քնի և քրոնիկական սթրեսի մակարդակի վրա։



























