Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է մնալ լարված և անկայուն։ Իրանի և ԱՄՆ-ի միջև Իսլամաբադում բանակցությունների մասին հաղորդումները արտացոլում են միայն երկխոսություն հաստատելու փորձերը․ շփումները կրում են ոչ կանոնավոր բնույթ և առայժմ արդյունք չեն տվել։ Միաժամանակ Իսրայելը, չնայած հայտարարված հրադադարին, շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանի տարածքին, ինչը վկայում է հրադադարի ռեժիմի փաստացի խախտման մասին։ Ընդհանուր առմամբ, տարածաշրջանը շարունակում է մնալ ձգձգվող էսկալացիայի վիճակում, իսկ հետագա սրման ռիսկերը պահպանվում են։
NEWS.am-ը ներկայացնում է կիրակի լուսաբացին Մերձավոր Արևելքում տեղի ունեցած հիմնական իրադարձությունների համառոտ ակնարկը։
• Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ Իրանը Պակիստանին ներկայացրել է պարտադրված պատերազմի վերջնական դադարեցման իր ծրագիրը, և այժմ գնդակը Ամերիկայի դաշտում է, որը պետք է ընտրի դիվանագիտության ուղին կամ առճակատման մոտեցման շարունակությունը։ Քազեմ Ղարիբաբադին հավելել է, որ Իրանը պատրաստ է երկու ուղիներին էլ՝ իր ազգային շահերն ու անվտանգությունն ապահովելու նպատակով։
• Իսրայելի բանակը (ՑԱՀԱԼ) շաբաթ օրը հայտարարել է, որ իր ուժերը վնասել են Լիբանանի հարավում գտնվող մի «կրոնական շինություն», ինչը դատապարտել է կաթոլիկ բարեգործական կազմակերպությունը՝ նշելով, որ դա կանանց վանք է և դատապարտել է պաշտամունքի վայրի վրա «կանխամտածված» հարձակումը։
• Իտալիայի ԱԳ նախարար Անտոնիո Տայանին X սոցիալական ցանցում պատմել է իր իրանցի գործընկեր Աբաս Արաղչիի հետ զրույցի բովանդակության մասին․ մասնավորապես, ըստ Տայանիի, նա Աբաս Արաղչիին հայտնել է Մերձավոր Արևելքում հետագա էսկալացիայից խուսափելու անհրաժեշտության մասին։ Նրա վկայությամբ, իր իրանցի գործընկերոջ հետ քննարկման հիմնական թեմաներն էին տարածաշրջանում հետագա էսկալացիայից խուսափելու անհրաժեշտությունը, Հորմուզի նեղուցի բացումը և Իրանի միջուկային ծրագիրը։
• ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ կքննարկի Իրանի ներկայացրած նոր խաղաղության համաձայնագիրը։ Ավելի ուշ նա հայտարարել է Իրանի դեմ հարվածների վերսկսման հավանականության մասին, «եթե նրանք իրենց վատ պահեն»։



























