Տիբեթում գտնվող սուրբ Կայլաս լեռը և Լիպուլեխ լեռնանցքով դեպի Մանսարովար լիճ տանող ուխտավորների երթուղին դարձել է Հնդկաստանի և Նեպալի միջև սահմանային վեճի նոր պատճառ։ Երկու երկրների կառավարությունները հանդես են եկել փոխադարձ հայտարարություններով:

Նեպալի իշխանությունները դիվանագիտական նոտաներ են հղել Հնդկաստանին և Չինաստանին։ Դրանք առարկություններ են պարունակում Լիպուլեխ լեռնանցքով իրականացվող ուխտագնացության դեմ։ Դա մի տարածք է, որի նկատմամբ Կատմանդուն հավակնություններ ունի: Նեպալի ԱԳՆ մամուլի քարտուղար Լոկ Բահադուր Պաուդել Չխետրին հայտնել է, որ իր երկրի մտահոգությունը «դիվանագիտական խողովակներով հասցվել է երկու հարևաններին»:

Նեպալի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ 1816 թվականի Սուգաուլիի պայմանագրի համաձայն՝ Լիմպիադհուրա, Լիպուլեխ և Կալապանի տարածքները Նեպալի անբաժանելի մասն են: Նա հայտնել է, որ Նեպալը կոչ է արել Հնդկաստանին ձեռնպահ մնալ այդ տարածաշրջանում ցանկացած գործունեությունից, ներառյալ ճանապարհաշինությունը, սահմանային առևտուրը և ուխտագնացությունների կազմակերպումը:

Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջայսվալը, պատասխանելով Նեպալի առարկություններին, հիշեցրել է Նյու Դելիի դիրքորոշումը. «Ինչ վերաբերում է տարածքային հավակնություններին, Հնդկաստանը հետևողականորեն պնդում է, որ նման հավակնությունները ո՛չ հիմնավորված են, ո՛չ էլ հիմնված են պատմական փաստերի և ապացույցների վրա: Տարածքային պահանջների նման միակողմանի արհեստական ընդլայնումն անընդունելի է (անհիմն է)»,— հայտարարել է նա: