«Ազգ» թերթը, վկայակոչելով թուրքական աղբյուրները, հայտնում է, որ Վաշինգտոնում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախազգուշացրել է, որ եթե Թուրքիան չվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները ողջամիտ ժամկետներում, ԱՄՆ կոնգրեսը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Օբաման այդ մասին ասել է Սպիտակ տանը կայացած փակ հանդիպմանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերին սենատորներ Ռոբերտ Մենենդեսն ու Ջոն Էնսայնը ԱՄՆ Սենատին են ներկայացրել Հայոց ցեղասպանության մասին նոր բանաձեւ:

Մարտի 17-ին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատին Ադամ Շիֆը նոր բանաձեւ է ներկայացրել ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: Բանաձեւն ունի 252 համարը: Այս պահի դրությամբ նախաձեռնությանը միացել է 132 կոնգրեսմեն: Ընդ որում, նրանցից 7-ը միացել են հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո:

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին մոտ 20 տարի մտնում էր Կոնգրեսի հայկական հարցերով խմբի մեջ: Ապրիլի 19-ին նա հաստատել է իր վճռական մտադրությունը աջակցել Հայոց ցեղասպանության ճանաչման գործին: Ի դեպ, ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, որ երկար տարիներ աշխատել է Կոնգրեսում, եւ ԿՀՎ նոր ղեկավար Լեոն Փանեթան իրենց ելույթներում 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դեպքերը որակել են որպես ցեղասպանություն: