Չինաստանի իշխանություններն իրենց աջակցությունն են հայտնում Կուբային և ԱՄՆ-ի կողմից հակակուբայական պատժամիջոցների խստացումը համարում են միջազգային իրավունքի կոպիտ խախտում։ Այս մասին հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Միացյալ Նահանգներն ուժեղացնում են Կուբայի դեմ ուղղված անօրինական միակողմանի պատժամիջոցները՝ լուրջ վնաս հասցնելով կուբացի ժողովրդի կյանքի ու զարգացման իրավունքներին, ինչպես նաև խախտելով միջազգային հարաբերությունների հիմնարար նորմերը»,- ասված է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում հրապարակված մեկնաբանության մեջ։ Հայտարարությունը հաջորդել է մայիսի 1-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած հրամանագրին, որն ընդլայնում է այս լատինամերիկյան երկրի դեմ սահմանված սահմանափակումները՝ որպես պատրվակ օգտագործելով այն վարկածը, թե Կուբան իբր սպառնալիք է ներկայացնում Վաշինգտոնի ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության համար։
Չինաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ Պեկինը «վճռականորեն աջակցում է Կուբային՝ պետական ինքնիշխանության ու անվտանգության պաշտպանության հարցում» և կտրականապես դեմ է նրա ներքին գործերին միջամտելուն։ «Չինական կողմը պահանջում է, որ Միացյալ Նահանգներն անհապաղ դադարեցնեն Կուբայի շրջափակումն ու պատժամիջոցները և վերջ տան այդ երկրի նկատմամբ ցանկացած տեսակի հարկադրանքին ու ճնշումներին»,- ընդգծված է մեկնաբանության մեջ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 1-ին հրամանագիր է ստորագրել Կուբայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին, որոնք կարող են առնչվել նաև երրորդ երկրներին։ Փաստաթղթի տեքստը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Հրամանագրում պնդվում է, որ այն ուղղված է «Կուբայում բռնաճնշումների համար պատասխանատուների», ինչպես նաև «Միացյալ Նահանգների ազգային անվտանգությանն ու արտաքին քաղաքականությանը սպառնացող վտանգների» դեմ։ Սպիտակ տան տեղեկանքը հաստատում է, որ հրամանագիրն ունի չափազանց լայն բնույթ և կարող է վերաբերել ոչ միայն Կուբային, այլև բոլոր նրանց, ում Վաշինգտոնը կհամարի այլ երկրներում Կուբային «ոչ պատշաճ աջակցություն» ցուցաբերողներ։





























