Լեռնային Ղարաբաղում հայտնաբերվել է չպայթած ականների հերթական խմբաքանակը, որ մնացել է դեռեւս ղարաբաղա-ադրբեջանական պատերազմից։
ԼՂՀ փրկարար ծառայության աշխատակիցները, ահազանգ ստանալով տեղի բնակչությունից, մեկնել են մայրաքաղաք Ստեփանակերտից 6 կմ հեռու, եւ ճամփեզրին վնասազերծել Т-57տեսակի հակատանկային մի ական։ Ժամանած բրիտանական The Halo Trust կազմակերպության որոնողական խումբը, որն արդեն գրեթե 10 տարի զբաղվում է ԼՂՀ տարածքի մարդասիրական ականազերծմամբ, հայտնաբերել եւ վնասազերծել է եւս 8 նմանօրինակ ական։ Տեղացիները այդ ավտոճանապարհով հաճախակի երթեւեկում են, եւ մասնագետները զարմացած են, թե ինչպես ցայսօր ոչ մի դժբախտ պատահար չի գրանցվել։
Պատերազմի տարիներին տվյալ տարածքում ադրբեջանական զինուժի դիրքերն էին, եւ 1,5 կիլոմետրանոց ճանապարհահատվածը՝ իրենց դիրքերից մինչեւ կամուրջ, ադրբեջանցիները ականապատել էին։ Որոնողական աշխատանքները շարունակվում են, եւ տարածքն ամբողջությամբ կմաքրվի ականներից ու այլ պայթյունավտանգ առարկաներից։



























