Մեծ Բրիտանիան հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի մասին՝ դա անվանելով Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր ամենախիստ սահմանափակումներից մեկը. Լոնդոնը պատժամիջոցներ է սահմանել ևս 56 անձի նկատմամբ՝ Ուկրաինան ապակայունացնելու գործում նրանց ունեցած դերի համար։
Լոնդոնը նաև հայտարարել է, որ այդ միջոցները պատասխան են Մոսկվայի «թշնամական գործողություններին», այդ թվում՝ Հայաստանում միջամտության փորձերին։ Պատժամիջոցներ են սահմանվել SDA-ի («Սոցիալական նախագծման գործակալություն») նկատմամբ։ Նշվում է, որ կազմակերպությունը պլանավորում էր արշավներ, որոնք գրեթե անկասկած նախաձեռնել էր նախագահի վարչակազմը։ Սա ներառում է Հայաստանում ռուսամետ կազմակերպություններ ստեղծելու և իշխանափոխության վրա ռուսամետ գործիչների օգտին ազդեցություն գործելու փորձերը։
Նշվում է նաև, որ Ռուսաստանից ֆինանսավորվող SDA-ն իր գործընկեր Structura ընկերության հետ միասին փորձել է իրականացնել մի շարք միջամտության գործողություններ, որոնք ուղղված էին ժողովրդավարությունը խարխլելուն և Ուկրաինային միջազգային աջակցության թուլացմանը։
Պատժամիջոցների փաթեթում ներառված «Դիալոգ» կազմակերպությունը բնութագրվում է որպես ռուսական կառավարության հետ կապված կառույց, այդ թվում՝ Կրեմլի կողմից Ռուսաստանի կողմից օկուպացված Ուկրաինայի տարածքներում բովանդակության կենտրոններ ստեղծելու հետ։ Այն կառավարում է բաց և փակ առցանց ռեսուրսներ, որոնք նախատեսված են ռուսական պետական քարոզչությունը տարածելու համար։
Նշվում է, որ «Դիալոգ»-ը հրահանգներ է ստացել Ռուսաստանի նախագահի վարչակազմից և համագործակցել է ռուսական հետախուզական ծառայությունների հետ՝ ՌԴ կառավարության անունից չարամիտ ազդեցության արշավներ իրականացնելու համար։ Կազմակերպությունը նաև ռուսական հետախուզության հետ համակարգել է Հայաստանի ներքին քաղաքականությանն ուղղված միջամտության ծրագրերը։





























