2025 թվականի հոկտեմբերին Իսպանիան օրենսդրորեն ամրագրեց իսրայելական պաշտպանական և երկակի նշանակության տեխնոլոգիաների էմբարգոն։ Այդ միջոցառումը ներկայացվեց որպես բարոյական առաջնորդության դրսևորում։
Սակայն արդեն դեկտեմբերին Մադրիդը բացառություն արեց Airbus ավիաշինական կոնցեռնի համար։ Իսրայելական արտադրության բաղադրիչներն անփոխարինելի թվացին Իսպանիայում հավաքվող ավիացիոն համակարգերի և անօդաչուների համար։ Բոյկոտը տեղի տվեց, որովհետև մատակարարումների շղթան հրաժարվեց տեղի տալ, գրում է Washington Post-ը։
«Եզրակացությունն ակնհայտ է. մամուլի հաղորդագրություններում կարելի է որքան ասես հրաժարվել իսրայելական տեխնոլոգիաներից, բայց դրանք հնարավոր չէ դուրս բերել ժամանակակից պաշտպանական հարթակից։ Իսպանիայի ամոթալի իրավիճակը նախազգուշացում է, և ԱՄՆ Կոնգրեսն այժմ հենց որոշում է՝ անսա՞լ դրան, թե՞ ոչ։
Անցյալ շաբաթ Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի կոմիտեն հավանություն տվեց 2027 ֆինանսական տարվա «Ազգային պաշտպանության մասին» օրենքին (NDAA)։ Այդ օրենքի 224-րդ բաժինը պաշտոնական հիմք է ստեղծում ամերիկա-իսրայելական համատեղ «հետազոտությունների, մշակումների, թեստավորման, գնահատման, ինտեգրման և պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում արդյունաբերական համագործակցության» համար։ Խոսքը վերաբերում է արհեստական բանականությանը, քվանտային տեխնոլոգիաներին, ինքնավար համակարգերին, ուղղորդված էներգիային, կիբերպաշտպանությանը և կենսատեխնոլոգիաներին, ինչպես նաև հեռանկարային այլ ուղղությունների։ Այդ բաժինը ռազմավարական պատասխան է գրեթե այն ամենին, ինչում Եվրոպան այժմ սխալվում է։
Այս դրույթն արդեն ենթարկվել է մի քանի կոնգրեսականների հարձակումներին, որոնք դեմ են հանդես գալիս պաշտպանության ոլորտում ամերիկա-իսրայելական ինտեգրման խորացմանը։ Կոմիտեի անդամ Ռո Խաննան (դեմոկրատ՝ Կալիֆոռնիա նահանգից) փոփոխություն է առաջարկել օրենքից 224-րդ բաժինը հանելու վերաբերյալ, սակայն այն մերժվել է։ Այժմ, երբ օրինագիծն առաջ է շարժվում, Թոմաս Մեսին (հանրապետական՝ Քենտուկի նահանգից) խոստացել է նմանատիպ փոփոխություն դնել Ներկայացուցիչների պալատի լիագումար քվեարկությանը։
Եվրոպայի փորձը ակնառու կերպով բացատրում է, թե ինչու այս քվեարկությունը նշանակություն ունի։
Ամբողջ մայրցամաքում կառավարությունները փորձարկում են գնումների սահմանափակումներ, որոնք կոչված են տարանջատել պետական ինստիտուտները պաշտպանական արտադրանքի և երկակի նշանակության ապրանքների իսրայելական մատակարարներից։ Ֆրանսիան վերջերս արգելեց իսրայելցի պաշտոնյաներին այցելել Փարիզում անցկացվելիք Eurosatory պաշտպանական ցուցահանդեսը՝ իսրայելական ընկերությունների մասնակցությունը սահմանափակելով միայն ՀՕՊ և զենիթային համակարգերի ցուցադրություններով։ Իսրայելի ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների համար նմանատիպ արգելքներ Փարիզը սահմանել էր նաև 2024 թվականի նույն միջոցառմանը և անցյալ տարի «Լը Բուրժե»-ում։
Սիմվոլիզմն այստեղ ակնհայտ է, բայց բուն ռազմավարությունը հետևողական չէ։ Անցյալ երեքշաբթի Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ 2025 թվականին զենքի արտահանումը հասել է պատմական առավելագույնին՝ գերազանցելով 19 միլիարդ դոլարը. դա 30%-ով ավելի է, քան 2024 թվականին, և ավելի քան երկու անգամ գերազանցում է հնգամյա վաղեմության ցուցանիշները։ Պաշտպանական գերատեսչության պաշտոնյաների խոսքով՝ այն կառավարությունները, որոնք հայտարարել են իսրայելական զենք արտադրողների բոյկոտի մասին, միևնույն է, շարունակում են պատվերներ տեղադրել։
Հենց այսպիսի տեսք ունի կառավարումը՝ ի հաճույս հասարակական ընկալման. ճառերը՝ ակտիվիստների համար, իսկ գնումների պայմանագրերը՝ փակ դռների հետևում։
Եվրոպական պաշտպանության նախարարությունները հրաշալի հասկանում են այն, ինչ չեն կարող ասել հրապարակավ։ Իսրայելական համակարգերն անցնում են փորձարկում իրական ժամանակում՝ հարմարվող հակառակորդի դեմ, և համադրելի արդյունավետությամբ այլընտրանքներ այնքան էլ շատ չեն։ Պաշտպանական համակարգերի ընտրությունը կախված է դրանց իրական հնարավորություններից։ Այս ոլորտում սխալ որոշումները մարդկային կյանքեր արժեն»։
Իրական սպառնալիքներն ընդդեմ քաղաքական ժեստերի
Ժամանակակից սպառնալիքները միայն սրում են այս հակասությունը։ Էժանագին անօդաչու թռչող սարքերը օդանավակայանների, տրանսպորտային հանգույցների և դպրոցների վերևում գտնվող օդային տարածությունը վերածել են խոցելիության նոր գոտու։ Բաց հասարակությունների պաշտպանությունն այսօր պահանջում է տեսավերլուծություն, արհեստական բանականության միջոցով անոմալիաների հայտնաբերում, դրոնների հակազդման համակարգեր և կրիտիկական ենթակառուցվածքների կիբերպաշտպանություն։ Եվ այս ոլորտներում գործնականում փորձարկված տեխնոլոգիաների մեծ մասը մատակարարվում է հենց Իսրայելից։
Քանի դեռ Եվրոպայի մի մասը հրապարակավ խորշում է իսրայելական տեխնոլոգիաներից, արաբական և մահմեդական պետությունները պրագմատիկորեն օգտվում են այդ երկրի ձեռքբերումներից։ Հաղորդվում է, որ Իսրայելն Արաբական Միացյալ Էմիրություններին է ուղարկել իր լազերային ՀՕՊ համակարգի տարբերակը՝ անօդաչուների հայտնաբերման առաջատար տեխնոլոգիաների հետ միասին, որպեսզի օգնի մերձավորարևելյան այդ պետությանը պաշտպանվել իրանական հարձակումներից։ Ըստ առկա տվյալների՝ ԱՄԷ-ում տեղակայվել է նաև «Երկաթե գմբեթ» համակարգը, որն իսրայելական գյուտարարության և ամերիկյան ֆինանսավորման արդյունք է։ Ինդոնեզիան՝ աշխարհի ամենախիտ բնակեցված մահմեդական երկիրը, ներմուծել է իսրայելական հետախուզական տեխնոլոգիաներ՝ չնայած պաշտոնական դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը։ Այդ կառավարությունների համար Իսրայելի թեման քաղաքականապես շատ ավելի զգայուն է, քան Մադրիդի կամ Փարիզի համար։ Սակայն նրանք միևնույն է գնում են, որովհետև նրանց պետք են գործող գործիքներ։
Ռիսկերը հասել են Նյու Յորք
Այնուամենայնիվ, կյանքեր փրկող իսրայելական տեխնոլոգիաներից հրաժարվելու վտանգն արդեն հատում է Ատլանտյան օվկիանոսը։
Փետրվարին Բրուկլինի ռազմածովային նավաշինարանի տնօրինությունը (որը գտնվում է Նյու Յորքի իշխանությունների վերահսկողության ներքո) հրաժարվեց երկարաձգել վարձակալության պայմանագիրը «Easy Aerial» ընկերության հետ։ Անօդաչու թռչող սարքերի այս արտադրողը, որն ունի իսրայելական արմատներ, տարածքների պահպանության լուծումներ է մատակարարում ԱՄՆ Մաքսային և սահմանային պահպանության ծառայությանը և ԱՄՆ ռազմաօդային ուժերին։ Այս որոշումն ընդունվեց ֆիրմայի դեմ ակտիվիստների բազմամսյա արշավներից հետո և համընկավ Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնում Զորան Մամդանիի աշխատանքի առաջին շաբաթների հետ, որը հրապարակավ պաշտպանում է Իսրայելի բոյկոտը։
Այլ կերպ ասած՝ անօդաչուների արտադրողին վտարեցին ԱՄՆ-ի ամենախիտ բնակեցված քաղաքից հենց այն պահին, երբ ԱԹՍ տեխնոլոգիաները դարձան հասարակական անվտանգության ապահովման վճռորոշ գործիք։
Նյու Յորքի ոստիկանության կոմիսար Ջեսիկա Թիշը վերջերս ուղղակիորեն հայտարարեց քաղաքի խոցելիության մասին։ Նա նկարագրեց այս ամռանը սպասվող սպառնալիքների աննախադեպ մակարդակը՝ հաշվի առնելով Ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացումը, NBA-ի եզրափակիչ սերիան՝ «Նիքս»-ի մասնակցությամբ, և Ամերիկայի 250-ամյակի տոնակատարությունը։ Թիշի խոսքով՝ իրեն ամենից շատ անքուն գիշերներ են պատճառում հենց ձևափոխված անօդաչու թռչող սարքերը։ «Մարտավարությունը, որը նախկինում կանոնավոր բանակների մենաշնորհն էր, այժմ ավելի ու ավելի հասանելի է դառնում փոքր խմբավորումների և առանձին անհատների համար»,- ընդգծել է նա։
Այն, ինչ Նյու Յորքն արեց տեղական մակարդակով, կոնգրեսականներ Խաննան և Մեսին փորձում են իրականացնել դաշնային մակարդակով։ 224-րդ բաժինն այլընտրանքային ուղի է առաջարկում։ Առաջիկա քվեարկությունը ցույց կտա, թե ինչով է որոշվում ԱՄՆ պաշտպանական քաղաքականությունը՝ իրական արդյունավետությա՞մբ, թե՞ ակտիվիստների ճնշմամբ։
Եթե ամերիկյան օրենսդրությունը գնա եվրոպական «բարոյական պերֆորմանսի» ճանապարհով, քաղաքական գործիչները փաստացիորեն կստորագրեն սեփական անկարողության տակ։ Անվտանգության լուրջ ռազմավարությունը չի կարող ցանկապատվել պաշտպանական նորարարությունների՝ աշխարհում ամենից շատ փորձարկված աղբյուրներից կամ պատժել այն կապիտալը, որը ֆինանսավորում է ազատ հասարակությունների անվտանգությունն ապահովող տեխնոլոգիաները։
Հասարակական կարծիքը նշանակություն ունի, բայց քաղաքացիների անվտանգությունը միշտ պետք է լինի առաջին տեղում։



























