Այս շաբաթ Վաշինգտոնում Իսրայելի և Լիբանանի կառավարությունների միջև քառօրյա անընդմեջ բանակցությունները պայմանավորված էին ակնհայտ ընդհանուր շահերով՝ թուլացնել «Հեզբոլլահի» և Իրանի ազդեցությունը Լիբանանում, հայտնել են ամերիկացի, իսրայելցի և լիբանանցի պաշտոնյաները, գրում է Axios‑ը։

Թրամփի վարչակազմի միջնորդությամբ համաձայնեցված շրջանակային պայմանավորվածությունը Իսրայելի և Լիբանանի միջև վերջին չորս տասնամյակների ամենանշանակալի քաղաքական համաձայնությունն է, սակայն բոլոր կողմերը հասկանում են, որ դրանում շարադրված խաղաղության տեսլականը կարող է այդպես էլ չիրականացվել։

Թերահավատության ֆոնին կա լուրջ մտահոգություն, որ համաձայնությունը կարող է հրահրել «Հեզբոլլահ» շարժման բռնի արձագանքը, ինչը կարող է երկիրը կրկին վերադարձնել քաղաքացիական պատերազմի։ Բացի այդ, պայմանավորվածությունը, ըստ ամենայնի, հակասում է Շվեյցարիայում ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված որոշ փոխըմբռնումներին և այդպիսով կարող է բարդացնել այս փխրուն հրադադարը։

Իրանին վերջին շաբաթներին հաջողվել է Լիբանանի իրավիճակը ներառել ԱՄՆ-ի հետ իր բանակցություններում։ Դա հանգեցրել է փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը, որը կողմերին կոչ է անում պահպանել Լիբանանում հրադադարը և ապահովել երկրի տարածքային ամբողջականությունը, ինչը, մասնակիցների կարծիքով, փաստացի խաթարվում է Լիբանանի հարավի շարունակվող իսրայելական օկուպացիայով։

Անցած կիրակի Շվեյցարիայում կայացած բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը Լիբանանի ու Պակիստանից և Կատարից միջնորդների հետ միասին համաձայնեցրել են նոր «դեէսկալացիայի մեխանիզմի» ստեղծումը՝ հրադադարի պահպանումը ապահովելու համար։ Դա շոկ է առաջացրել իսրայելցի և լիբանանցի պաշտոնյաների մոտ, որոնք դա ընկալել են որպես «Հեզբոլլահի» դիրքերի ամրապնդում և Իրանի ազդեցության լեգիտիմացում։

Այս լուրը նաև ժամանակային առումով համընկել է Վաշինգտոնում Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների առանցքային փուլի նախապատրաստման հետ։

Երբ պատվիրակությունները երեքշաբթի հանդիպեցին Պետդեպարտամենտում, Իսրայելի դեսպան Եհիել Լեյթերը առաջին նիստը սկսեց կոշտ հայտարարությամբ՝ Լիբանանի վերաբերյալ ամերիկա-իրանական նոր պայմանավորվածությունները անվանելով «աղետ»։

Լեյթերը ամերիկացի միջնորդներին հարցրել է, թե արդյոք Վաշինգտոնը իսկապես դեռևս մտադիր է թուլացնել Իրանի ազդեցությունը Լիբանանում, ինչպես դա ենթադրվում էր իսրայելա-լիբանանյան գործընթացում։

Լիբանանյան կողմը պահանջել է պարզաբանումներ։ «Լիբանանցիները շփոթված էին», — ասել է բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրը։

Թեև ամերիկացի միջնորդները շեշտում էին, որ նպատակը արտաքին միջամտությունից զերծ համաձայնության հասնելն է, բանակցությունների առաջին օրը «բավականին կոշտ էր», ընդունել է ամերիկացի պաշտոնյաներից մեկը։

Կողմերը կոշտ դիրքեր են զբաղեցրել, հատկապես անվտանգության հարցերում, և որոշ մասնակիցների մոտ տպավորություն է ստեղծվել, թե գործընթացը փաստորեն հետ է գլորվում։

Բանակցություններն ընթանում էին երկու ուղղությամբ՝ ռազմական (սպաների միջև) և քաղաքական (դիվանագետների միջև)։ Միջնորդներ էին ԱՄՆ Պենտագոնի և Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչները։

Կողմերն աշխատում էին երեք փաստաթղթի վրա՝ շրջանակային համաձայնագիր, անվտանգության վերաբերյալ հավելված և երկու «փորձնական գոտիներից» Իսրայելի նախնական դուրսբերման պայմանավորվածություն, որոնք այնուհետև պետք է անցնեն լիբանանյան բանակի վերահսկողության տակ։

Չորեքշաբթի բանակցությունները թափ հավաքեցին, և ամերիկացի պաշտոնյաները սկսեցին ակնկալել, որ համաձայնությունը կարող է ստորագրվել արդեն հաջորդ օրը։

Սակայն հինգշաբթի իրավիճակը փոխվեց․ կողմերը կրկին խստացրին դիրքորոշումները, և ԱՄՆ-ին չհաջողվեց երեք փաստաթուղթը համաձայնեցնել մեկ միասնական փաթեթի տեսքով։ Հիմնական վեճը վերաբերում էր իսրայելական զորքերի դուրսբերման պայմաններին և վայրերին։

Հինգշաբթի երեկոյան Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը դադարեցրին գործընթացը։ Բանակցողները լրացուցիչ ժամանակ խնդրեցին ղեկավարության հետ խորհրդակցելու համար, և ԱՄՆ-ն համաձայնեց ևս մեկ օրով երկարաձգել բանակցությունները։

Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հինգշաբթի երեկոյան վերադարձել է Վաշինգտոն Պարսից ծոցի երկրներ կատարած ուղևորությունից հետո։ Շաբաթվա սկզբից նա Նեթանյահուի և Աունի հետ անցկացրել է մոտ ութ հեռախոսազրույց։ Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նույնպես առնվազն մեկական անգամ շփվել է երկու առաջնորդների հետ։

Ռուբիոն ընդգծել է, որ նախագահ Թրամփի համար կարևոր է համաձայնությունն ավարտին հասցնել մինչև շաբաթվա վերջ։

Ուրբաթ առավոտյան Ռուբիոն անձամբ միացել է բանակցություններին՝ վերջին տարաձայնությունները հարթելու համար։ Վերջնական փուլին մասնակցել են նաև ամերիկացի գլխավոր բանակցող Դեն Հոլերը, Լիբանանում ԱՄՆ դեսպան Միշել Իսան, CENTCOM-ի ծովային հետևակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ջոզեֆ Քլիրֆիլդը, ինչպես նաև Պենտագոնի ներկայացուցիչներ Դենիել Ցիմերմանը և Մայքլ Դիմինոն։

ԱՄՆ-ն խնդրել է Իսրայելին տեքստում կատարել երկու փոփոխություն՝ զորքերը դուրս բերել Իսրայելի վերահսկողության տակ գտնվող Լիբանանի հարավի գյուղից և ավելացնել ձևակերպում այն մասին, որ դա կդառնա զորքերի դուրսբերման ավելի լայն գործընթացի սկիզբը։

Լեյթերը պնդել է փոփոխությունների վրա՝ հարցը քննարկելով Նեթանյահուի և իսրայելցի այլ պաշտոնյաների հետ։ Զրույցը լարվել է, երբ Նեթանյահուն հրաժարվել է ընդունել փոփոխությունները։ Աղբյուրների տվյալներով, Լեյթերը բարձրացրել է ձայնը՝ համոզելով, որ համաձայնությունը կարևոր է, և Իսրայելը պետք է ստորագրի այն։

Լեյթերին մոտ կանգնած աղբյուրը պնդում է, որ բարձր տոնը պայմանավորված է եղել հեռախոսային կապի որակով։ Ինքը՝ Լեյթերը, Axios-ին հայտնել է, որ նման խորհրդակցությունները սովորական պրակտիկա են, իսկ տարաձայնությունները՝ բանակցությունների բնական մաս։

«Իսրայելի և Լիբանանի միջև վստահությունը մեծ չէր, բայց ի վերջո երկու կողմերն էլ հասկացան, որ իրենց անհրաժեշտ է համաձայնության գալ՝ գործընթացի նկատմամբ վերահսկողությունը պահպանելու և Իրանի միջամտությունը կանխելու համար», — ասել է աղբյուրը։

Համաձայնությունն անմիջապես ուժեղացրել է ներքին լարվածությունը Լիբանանում։ «Հեզբոլլահը» փորձել է բողոքի ցույցեր կազմակերպել Բեյրութում, սակայն հավաքել է ընդամենը մի քանի հարյուր մարդ, որոնց արագ ցրել են։

Շաբաթ օրը լիբանանյան ուժային կառույցները Բեյրութի միջազգային օդանավակայան տանող ճանապարհից հեռացրել են «Հեզբոլլահի» տասնյակ պաստառներ, որոնցում շնորհակալություն էր հայտնվում Իրանի գերագույն առաջնորդին հրադադարի համար։ Ի պատասխան՝ Լիբանանի կառավարությունը տեղադրել է սեփական պաստառներ՝ «Առաջին հերթին՝ Լիբանանը» կարգախոսով, որոնց մի մասը այրվել է «Հեզբոլլահի» կողմնակիցների կողմից։

«Հեզբոլլահի» առաջնորդ Նաիմ Քասեմը Իսրայելի հետ համաձայնությունն անվանել է «անվավեր» և հայտարարել, որ այն «նվաստացում է, խայտառակություն և ինքնիշխանությունից հրաժարում»։ Նա ընդգծել է, որ շարժումը կշարունակի «դիմադրությունը» իսրայելական ներկայությանը։

Ավելի ուշ շաբաթ օրը Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ժոզեֆ Աունի հետ և շնորհավորել նրան պայմանավորվածության ձեռքբերման կապակցությամբ։ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կտրամադրի ամեն անհրաժեշտը համաձայնության իրականացման, Լիբանանի ինքնիշխանության աջակցության և երկրի ամբողջ տարածքում պետության վերահսկողության ընդլայնման համար, ասվում է Լիբանանի նախագահի գրասենյակի հաղորդագրության մեջ։ Զրույցի ավարտին Թրամփը հույս է հայտնել Աունի հ հետ շուտով հանդիպել Սպիտակ տանը։ Այցը սպասվում է հուլիսի կեսերին։