Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակի 6-րդ հորիզոնականը զբաղեցնող Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը չի պատրաստվում հրաժարվել իր մանդատից, որպեսզի այն վերցնի Սարիբեկ Սուքիասյանը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա հերքեց տարածված նման տեղեկությունները:

«Անկեղծորեն զարմացած եմ, ես ինքս նման կարծիք երբեք չեմ արտահայտել, եւ զարմանում եմ, որ նման կարծիք կարող է շրջանառվել: Դա շատ պատասխանատու մանդատ է, որ մենք մեզ թույլ տա հրաժարվել, ժողովուրդը վստահել է մեզ, քվեարկել է այդ ցուցակի համար, ուրախ կլինեմ, որ նաեւ Սարիբեկ Սուքիասյանն անցնի, բայց ես չեմ պատրաստվում իմ մանդատից հրաժարվել»,- նշեց նա: Լյուդմիլա Սարգսյանը նաեւ նշեց, որ դեռ չի քննարկվել ՀԱԿ խմբակցության ղեկավարի հարցը:

Հարցին, թե մանդատները վերցնելով եւ ԱԺ գնալով` չե՞ն լեգիտիմացնում մայիսի 6-ին կայացած ընտրությունների արդյունքները, որոնք անվավեր ճանաչելու հարցով ՀԱԿ-ի դիմելու է ՍԴ, Լ. Սարգսյանը բացասական պատասխան տվեց, նշելով, որ դրանք տարբեր բաներ են: «Կարծում եմ, որ ժողովրդի ձայնով ստացած մանդատը պետք է օգտագործել: Ինչ վերաբերում է  ընտրությունների արդյունքներին, ապա դրանց մասին մենք առանձին հայտարարությամբ հանդես ենք եկել: Չենք էլ կասկածում, որ այդ արդյունքները չեն ներկայացնում ժողովրդի իրական վերաբերմունքը, դրանք մեզ գոհացնող չեն, բայց այդ փոքրիկ ներկայությունը, որ մենք պիտի ունենանք ԱԺ-ում, կարող է շատ բան փոխել»,- ասաց նա:

Նշենք, որ երբ 2007թ  ընտրությունների արդյունքում «Ժառանգությունը» 7 մանդատ էր ստացել, ներկայիս ՀԱԿ-ի շատ ներկայացուցիչներ այն ժամանակ հայտարարում էին, որ պետք է նրանք հրաժարվեն մանդատներից, այլապես դրանք վերցնելով եւ խորհրդարան գնալով կլեգիտիմացնեն ընտրությունների արդյունքները: Այս հանգամանքի մասին, սակայն, Լյուդմիլա Սարգսյանը չէր հիշում: