Արարատի նախկին մարզպետ եւ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ով հիմա նախագահի խորհրդականն է, չի պատրաստվում նորից հետ վերադառնալ Արարատի մարզպետի պաշտոնին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց` ինքը Ալիկ Սարգսյանն, արձագանքելով մամուլում տեղ գտած հրապարակումներին, թե առաջիկայում պաշտոնանկ կարվի Էդիկ Բարսեղյանը, որի փոխարեն մարզպետ կդառնա Ալիկ Սարգսյանը: «Նման բան չկա: Դրանք ընդամենը հերյուրանքներ են: Նման խոսակցություն ոչ մի տեղ չի եղել, դա հերյուրանք է»,- նկատեց Ալիկ Սարգսյանը:
Հարցին, թե առաջա՞րկ էլ չի եղել, նա արձագանքեց. «Ասում եմ ընդհանրապես նման բան չի եղել, ես էլ նման տրամադրություն ընդհանրապես չունեմ: Ես նորից գնում եմ մարզպետ, որ ի՞նչ, ի՞նչ եմ ցույց տալիս, կարիերայիս հումորով եմ վերաբերում, որ ի՞նչ: Իմաստը ո՞րն ա: Ազնվորեն եմ ասում, նման խոսակցություն ընդհանրապես չի եղել, չի խոսվել, ոչ էլ ցանկություն ունեմ, հավատեցեք»: Նա նաեւ նշեց, որ ինքը շարունակելու է մնալ նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդական:


























