Թերթն անդրադարձել է Հայաստանում քննարկվող թիվ մեկ թեմային` կոալիցիայի ձեւավորմանը:

«Իշխանությունն իդեալական կերպով կեղծում է ընտրությունները, ընտրություններին մասնակցած բոլոր ուժերը «մի թեթեւ» հայտարարում են դրա մասին եւ հաջորդ օրն իսկ լծվում կոալիցիայի ձեւաչափի մասին քննարկումներին: Իշխանությունը կողքից հետեւում է դրան, գուցե նույնիսկ հաճույք է ստանում: Քանի որ այն, ինչ կատարվում է Հայաստանում, հեռու է քաղաքականությունից, եւ քաղաքական ուժերի «գործուն մասնակցությամբ» ամեն ինչ կախված է իշխանության կամքից: Ինչպես իշխանությունը կազմակերպեց «ամենաազատ» ընտրություններ, այնպես էլ կորոշի` իրեն պե՞տք է կոալիցիա կազմել, թե՞ ոչ: Այս խոսակցությունների զավեշտը հասել է այն աստիճանի, որ ոմանք լրջորեն քննարկում են` կդառնա՞ «Բարգավաճ Հայաստանը» ընդդիմություն, թե՞ չի դառնա: Իսկ զավեշտն այն է, որ այդ հարցի պատախանը եւս կախված է իշխանության` Սերժ Սարգսյանի կամքից եւ հանրապետական մեծամասնության շահերից: Եթե ՀՀԿ-ին պետք է, ԲՀԿ-ն կդառնա կոալիցիայի անդամ, եթե պետք լինի` կարող է մտնել անխոնջ ընդդիմադրի կաղապարի մեջ: Ինչ է պատահել: Եթե, Լեւոն Տեր-Պետրոսյանի կարծիքով, ԲՀԿ-ն կարող էր «դառնալ» ընդդիմադիր, ապա ինչն է խանգարում, որ այդպիսին «դառնա» նաեւ Սերժ Սարգսյանի համար...

Ակնհայտ է, որ նման պայմաններում կոալիցիան ավելի քան կեղծ միավորում է լինելու` դառնալով «հայկական ժողովրդավարության» հերթական անհեթեթ առանձնահատկությունը»,- գրում է  «168 ժամը»: