Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր` մայիսի 15-ին, ընդունել է Հայաստանում Ռումինիայի դեսպան Կրինա Ռոդիքա Պրունարիուին:

ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ ապրիլի 25-27-ին նախարարի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվել է Բուխարեստում, որտեղ մասնակցել է Բոլոնիայի գործընթացին անդամակից երկրների նախարարական գագաթաժողովին: Այցի շրջանակում քննարկումներ են եղել Բոլոնյան գործընթացի հետամուտ խմբի եւ այլ շահառուների միջեւ, ինչպես նաեւ մշակվել է հաջորդ տարիների գործողությունների ծրագիրը: Ըստ այդմ` 2015 թվականին Երեւանում կայանալիք Բոլոնիայի գործընթացին անդամակից երկրների նախարարական գագաթաժողովին ընդառաջ Հայաստանն առաջիկա երեք տարիների ընթացքում կզբաղվի Բոլոնիայի գործընթացի բարեփոխումների համակարգմամբ: Նախարարն իր գոհունակությունն է հայտնել ռումինական կողմի` բարձր մակարդակով կազմակերպած գագաթաժողովի վերաբերյալ` նշելով, որ այս գործընթացում Ռումինիան շատ բարձր նշաձող է սահմանել: Ուստի, երկու կողմերի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել` փորձի փոխանակման եւ հայկական կողմին Քարտուղարության փոխանցման տեսանկյունից:

Միաժամանակ Ա. Աշոտյանը դեսպանին տեղեկացրել է, որ հունիսի 27-29-ին Երեւանում նախատեսվում է Բոլոնիայի գործընթացի քարտուղարության պաշտոնական փոխանցումը հայկական կողմին, որին կմասնակցեն նաեւ Ռումինիայի, Կիպրոսի, Բոսնիա եւ Հերցոգովինայի կրթության եւ գիտության նախարարները: Նախարարը հույս է հայտնել, որ այդ ընթացքում տեղի կունենան նաեւ երկկողմանի հանդիպումներ:

Դեսպան Կրինա Ռոդիքա Պրունարիուն իր հերթին նշել է, որ իրավամբ երկու երկրների հարաբերություններում կրթությունն ու մշակույթը  գերակա ուղղություններ են: Այս համատեքստում դեսպանն անդրադարձել  է միջպետական համաձայնագրերի շրջանակում ռումինական կողմի` հայ ուսանողներին տրամադրվող կրթաթոշակների խնդրին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ հայ-ռումինական համատեղ գիտական նախագծի ֆինանսավորման, Ռումինիայում հայկական մշակութային ժառանգության ուսումնասիրության եւ Բուխարեստի համալսարանում հայոց լեզվի զարգացման կենտրոնին վերաբերող հարցեր: