Եվրոպական 23 քաղաք, միանալով «Գրական գիշեր» նախաձեռնությանը, մայիսի 16-ին կազմակերպում են գրական ընթերցումներ: Լոնդոնից Մադրիդ, Կիեւից մինչեւ Միլան եւ Երեւան. մեկ օր եվրոպական քաղաքները միավորվում են մեկ գաղափարի ներքո` ներկայացնել եվրոպական ժամանակակից գրականությունը:
Արդեն երկրորդ տարին է Բրիտանական խորհրդի նախաձեռնությամբ Երեւանը մասնակցում է համաեվրոպական այս նախաձեռնությանը: Նորարար փորձառական արվեստի կենտրոնում երեկոյան ժամը 7-ից Ֆորում թատրոնի դերասանները կընթերցեն հատվածներ Յարոսլավ Հաշեկի (Չեխիա), Վարուժան Ոսկանյանի (Ռումինիա) եւ Ջոն Ռ.Ռ. Տոլկինի (Միացյալ Թագավորություն) ստեղծագործություններից:
Յարոսլավ Հաշեկի «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» վեպը կլինի հայ ընթերցասերների ուշադրության կենտրոնում: «Գրական գիշեր» նախաձեռնությանը դերասանները կընթերցեն հատվածներ գրողի հանրահայտ վեպից: Չեխական գրականության հանրահայտ հերոսի պատմությունը մեկ անգամ եւս վեր է հանում պատերազմի անհեթեթությունը:
Ռումինական գրականությունը ներկայացնում է հայազգի Վարուժան Ոսկանյանը: Գրող, հրապարակախոս Վարուժան Ոսկանյանը նաեւ հայտնի քաղաքական գործիչ է, ով եղել է Ռումինիայի էկոնոմիկայի եւ առեւտրի նախարարը: Գրական գիշերվա ընթացքում կընթերցեն նրա «Շշուկների գիրքը» ստեղծագործությունը: Սա մի պատմություն է Ռումինիայի հայ համայնքի ու նրա դառն անցյալի մասին:
«Մատանիների տիրակալ»-ի հեղինակ Ջոն Ռ.Ռ. Տոլկինից «Գրական գիշեր» նախաձեռնությանը կընթերցեն «Հոբիտ կամ գնալն ու գալը» վիպակից հատվածներ:
«Գրական գիշեր 2012»-ի նպատակն է աջակցել միջմշակութային երկխոսությանը եւ ստեղծել հարթակ եվրոպական երկրների գրականության ներկայացման համար: Սա յուրօրինակ փորձառություն է, որը համատեղում է հետաքրքիր գրական պատառիկը, դերասանական վարպետությունը եւ ներկայացման վայրը:
«Գրական գիշեր» նախաձեռնությունը կազմակերպում է Չեխական կենտրոնները EUNIC-ի (Եվրամիության մշակութային ազգային կենտրոնների միություն) հետ համագործակցությամբ: «Գրական գիշեր» նախաձեռնությունը նշվում է աշխարհի բազմաթիվ երկրներում` ներգրավելով գրողների եւ դերասանների, քաղաքական գործիչների եւ մտավորականների: Այս ծրագրի շրջանակում տարվա մեջ մի քանի օր շարունակ մասնակից երկրներում միաժամանակ տեղի են ունենում ընթերցանությանն ու գրականությանը նվիրված միջոցառումներ` այսպիսով մեկ անգամ եւս կարեւորելով գրականության դերը միջմշակութային երկխոսության գործում:



























