Հայ ավանդական ընտանիքում կինը պետք է հնազանդ լինի ամուսնուն, քանի որ Եվան առաջինն է խոսել օձի հետ դրախտում: Այդ մասին, այսօր` մայիսի 15-ին, ասուլիսի ժամանակ ասաց Արաբկիր համայնքի հոգեւոր հովիվ Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը` անդրադառնալով հայկական ընտանիքի խնդիրներին:

Հոգեւորականի խոսքով` առաջին մեղանչողը պետք է լինի կինը, քանի որ մեղքի առաջին պատճառն է եղել: «Առաջին անկումը, որ կատարվեց, կատարվեց անհնազանդության պատճառով: Դրա համար, երբ եկեղեցում պսակ է լինում` տեր եւ հնազանդի խնդիր է դրվում, բայց ոչ թե իրար նկատմամբ տեր ու հնազանդ, այլ այն խրատի նկատմամբ, որը տալիս է քահանան. «Տեսեք որդյակներ, այս կյանքում կան տեսակ- տեսակ փորձություններ եւ դժվարություններ` աղքատություն, հիվանդություն, բայց Աստաված ձեզ հեռու պահի այդ ամենից: Մինչեւ մահ դուք  պետք է իրար օգնեք»: Քահանան հարցնում է`դու տեր ես այս խորհրդի նկատմամբ: Այո, իսկ դու հնազանդ ես: Այո: Այսինքն ամուսիններն այդ խրատի նկատմամբ տեր ու հնազանդ են: Երկուսն էլ տեր են, երկուսն էլ հնազանդ են»,-ասաց նա:

Ճշտմանը, որ հասարակության մեջ արմատացած է, որ կինը պետք է հնազանդ լինի տղամարդուն, մինչդեռ, նրա խոսքից ստացվում է, որ ամուսիններն են հնազանդ խորհրդին, տեր հայրը տվեց ինքն իրեն հակասող պատասխան. «Անպայման կինը պետք է հնազանդ լինի ամուսնուն: Գիտեք, առաջինը կինը խոսեց օձի հետ դրախտում: Այսինքն մեղանչականը...կինը առաջինը պատճառ դարձավ մեղքի, դրա համար ինքը պետք է հնազանդ լինի: Բայց իրար մեջ, հասկանում եք, դա որոշակի չէ, եթե սեր կա, ապա սերն է գերակայողը, ինչի մասին է խոսքը: Եթե սեր կա, երբեւէ հարց դրվո՞ւմ է, լսի ես հնազանդ եմ, թե դու ես տերը»: