Մայիսի 19-ին  ժամը 18:00-ին Եվրոպայով մեկ կմենարկի Թանգարանների 8-րդ եվրոպական գիշերը եւ կշարունակվի մինչեւ կեսգիշեր, որին կմասնակցի նաեւ Հայաստանը: Միայն 2011 թվականին եվրոպական 37 երկրների 3700 մշակութային հաստատություններ դարձել են այդ տոնի մասնակիցն ու կայացման երաշխավորը: Թանգարանների եվրոպական 8-րդ գիշերը եւս խոստանում է «գերել» այցելուներին` միավորելով մշակույթը, մանկավարժությունը, ժամանցն ու գիտությունը:

«Էրեբունի. Նոկտյուռն» խորագրի ներքո գիշերային բեմահարթակի կվերածվի նաեւ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը:  Արձագանքելով համաեվրոպական մուլտիմեդիա մեկ այլ նախաձեռնության` արգելոց-թանգարանը  միացել է նաեւ «Մեկ ցուցանմուշ, մեկ պատմություն» էլեկտրոնային ցուցահանդեսին` համացանցի միլիոնավոր այցելուների ներկայացնելով 1984թ. Երեւանի բիայնական դամբարանից  հայտնաբերված ցլագլուխ աճյունասափորը: Ցուցահանդեսը  մատչելի է Թանգարանների եվրոպական գիշերվա  պաշտոնական վեբ-կայքում` http://nuitdesmusees.culture.fr/un-tresor-dans-une-usine/ հասցեով:

Թանգարանների միջազգային խորհրդի` ԻԿՕՄ-ի կողմից այս տարի առաջարկված «Թանգարանները փոփոխվող աշխարհում»  կարգախոսի համատեքստում`  արգելոց-թանգարանը մայիսի 19-ին հանդես կգա գերազանցապես երաժշտական «հանդերձանքով»` խախտելով թանգարանի ավանդական լռությունը եւ այցելուին առաջարկելով ցուցասրահներով անցնել կատարողական արվեստների ուղեկցությամբ. մարտարվեստի ցուցադրական դաս, ժամանակակից բալետ, երգչախմբային արվեստ, դաշնամուրային դասական ու սիրված կատարումներ:

Թանգարանների եվրոպական գիշերը արգելոց-թանգարանը կանցկացնի Թաեքվոնդոյի «Սատորի» ակումբի, «Փարոս» կամերային երգչախմբի, «Շելլ» դաշնամուրային տրիոյի, դաշնակահար Միքայել Գաբրիելյանի, պարուսույցներ Ռուդոլֆ Խառատյանի եւ Անի Գալստյանի, Հայկական դրամի խորհրդանշանի հեղինակ Կարեն Կոմենդարյանի  աջակցությամբ:

«Թանգարանների եվրոպական գիշերը» իրականացվում է 2005 թվականից`

 Ֆրանսիայի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ` ՅՈՒՆԵՍԿՕ-ի,

Եվրոպայի խորհրդի, եւ  ԻԿՕՄ-ի բարձր հովանու ներքո :

Մայիսի 19-ին Էրեբունին սպասում է իր գիշերասեր այցելուներին`  խոստանալով հաճելի երեկո եւ բարձր տրամադրություն: