Բնապահպանական կազմակերպություններն ահազանգում են, որ Երեւանի Աբովյան փողոցի՝ կրպակներից ազատագրված տարածքը կրկին պատվել է սալահատակով եւ ավազով, որը կարծես նախապատրաստում են հերթական սրճարանի համար:
«Մեր քաղաքը» եւ «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես, ասվում է.
«Աբովյան փողոցի՝ կրպակներից ազատագրված տարածքը կրկին պատվել է սալահատակով եւ ավազով: Հանրային կանաչ տարածքի համար նախատեսված այդ գոտին կարծես նախապատրաստում են հերթական սրճարանի համար, այնինչ քաղաքացիները Ուսանողական այգու անհաջող եւ Մաշտոցի այգու հաջողված պայքարներում արդեն իսկ հստակ դիրքորոշում են արտահայտել հանրային կանաչ տարածքների առնչությամբ:
Քաղաքացին այսօր չի ուզում մայրաքաղաքում տեսնել սրճարանների, բետոնապատ եւ սապալատ տարածքների ավելացում, այլ ընդհակառակը՝ ակնկալում է, որ քաղաքային իշխանությունները, ի վերջո, գլխի կընկնեն, որ կանաչ տարածքներին եւ ծառերին հատկացվող գոտիները պետք է հնարավորինս շատ լինեն հատկապես քաղաքի կենտրոնում, որտեղ արդեն այսօր էկոլոգիական լուրջ խնդիրներ են առաջացել:
Որպես քաղաքի ապագայով մտահոգ եւ քաղաքացու՝ հանրային տարածք ունենալու իրավունքը պաշտպանող նախաձեռնություն՝ մենք դեմ ենք Երեւան քաղաքի կենտրոնում՝ հանրային կանաչ տարածքների փոխարեն եւ դրանց հաշվին սրճարանների ավելացմանը եւ նշված պարագայում եւս հետամուտ ենք լինելու, որպեսզի հանրային տարածքը ծառայի բացառապես որպես կանաչապատ եւ հանրային՝ ոչ առեւտրային հանգստի կազմակերպման տարածք:
Քաղաքային իշխանությունները իրավունք չունեն հանրային տարածքները օտարելու մասնավոր սեփականատերերի, ովքեր այդտեղ հիմնած հերթական սրճարանով գումարներ են կորզում հանրությունից:
Գիտակցելով այս ամենը, ինչպես նաեւ խնդիրը դիտարկելով Մաշտոցի պուրակում բարձրացված արդարացի եւ հիմնավոր հարցերի շրջանակներում՝ պահանջում ենք անհապաղ ապամոնտաժել Աբովյան փողոցի հիշյալ տարածքում առկա վերջին կրպակը եւ վերջին օրերի ընթացքում սալապատված մակերեսը, որպեսզի տարածքը կանաչապատվի եւ վերադարձվի հանրությանը՝ որպես բաց, հանրային, ոչ առեւտրային հանգստի գոտի»:




























