Հայ հասարակությունը դեռ գտնվում է վախի ազդեցության տակ եւ քաղաքացին չի կարողանում իր ազատ կամքն արտահայտել: Այս մասին, այսօր` մայիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը` շեշտելով, որ վերոնշյալի պատճառը Հայաստանի ոչ իրավական պետություն լինելն է:
«Նման պարագայում խոսել իշխանությանը վստահելու մասին՝ ճիշտ չի լինի: Ըստ իս, այս կառավարությունը ժամանակավոր է լինելու: Պարտվել է եւ ընդդիմությունը, եւ իշխանական թեւը, որը չկատարեց իր առջեւ դրված խնդիրները: Մեկը չկարողացավ հասնել փոփոխությունների, մյուսն էլ չի կարողանում միայնակ լուծել խնդիրներն ու կառավարություն ձեւավորել»,- նշեց նա:
Անդրեաս Ղուկասյանի խոսքով` այս ընտրությունների գործիքներից մեկն էլ եղավ հարկադրանքը: «Նոր որակ ընտրություններում չի եղել, եւ այն խոստումները, որոնք վերաբերում էին ազատ, արդար ընտրությունների անցկացմանը, մենք չտեսանք»,- նկատեց նա, կանխատեսելով, որ առաջիկայում ձեւավորվելիք կառավարությունը կլինի ժամանակավոր, ինչը պարտություն է հենց քաղաքական համակարգի համար:
Անդրեաս Ղուկասյանի խոսքով՝ միաժամանակ քաղաքացիական հասարակությունը աստիճանաբար մտնում է ակտիվ գործունեության դաշտ: «Սա նոր երեւույթ է, եւ հասարակությունն ուզի, թե չուզի՝ պետք է մտնի նոր տիրույթներ: Վստահ եմ, որ Հայաստանում նոր իրադրություն է սկսվելու: Հասարակությունն իր ինքնակազմակերպմամբ է անելու դա»:
Ասուլիսի մյուս բանախոս՝ «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանն էլ իր հերթին նշեց, որ ընտրությունների ընթացքում գործել է վարչական տոտալ հարկադրանքը:
«Միաժամանակ, սրանք 91 թվականից ի վեր լավագույն ընտրություններն էին»,- ասաց նա` հավելելով, որ ինքն զգացողություն ունի, որ որոշ քաղաքական ուժեր հատուկ մարդկանց են «գործուղում» հասարակություն` վերահսկելու նրա ակտիվությունը, թույլ չտալու քաղաքացիական հասարակության չափից դուրս ակտիվացում:
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀՀ 5-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված կլինեն 6 քաղաքական ուժեր` Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքը, «Ժառանգություն», «Օրինաց երկիր» եւ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունները:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի


























