Անընդունելի է հավասարության նշան դնելը ոչ ավանդական սիրո քարոզչության եւ սեռական փոքրամասնություններ համարվող մարդկանց միջեւ: Այդ մասին, այսօր` մայիսի 16-ին, մամլո ասուլիսում հայտարարել է կառավարման մասնագետ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու Հարություն Մեսրոպյանը` վրդովվելով լրատվամիջոցների օգնությամբ ոչ ավանդական կողմնորոշում ունեցողների  ազատ  «գովազդի» փաստից, սեռական փոքրամասնությունների խնդրի մասին հրապարակումները գնահատելով որպես գովազդ եւ քարոզչություն: 

Նույն քարոզչությունն է տարվում նաեւ հեռուստասերիալներով: «Ինձ ասում են`  դուրդ չի գալիս, մի նայիր, սակայն դա ոտնձգություն է նաեւ իմ ազատության նկատմամբ: Բացի դրանից, փոխելով ալիքը, հանդիպում ես այլ սերիալի այլ ալիքով»:

Իր հերթին սեքսապաթոլոգ Սեւադա Հակոբյանը նշել է, որ այդ հարցում լրատվամիջոցների դերն, անխոս, բավականին մեծ է` հատկապես դեռահասների հարցում: «13-16 տարեկանն ամենախոցելի հասակն է, որի ընթացքում դեռահասները հոգեբանական որոնումների մեջ են: Այդ ընթացքում նրանցից շատերի մոտ կարող են արտահայտվել նույնասեռականության ձգտումներ, որոնք իրական կյանքում չեն իրականացվում: Սակայն սոցիոգեն գոծոնները, տարբեր հրապարակումները, սերիալները եւ այլն կարող են ուղղորդող տարր դառնալ եւ բացասական ազդեցություն ունենալ»:

Ըստ սեքսապաթոլոգի` այդ պատճառով էլ այն տեղերը, որտեղ հավաքվում են սեռական փոքրամասնությունները, պետք է սահմանափակ լինեն, մեկուսացված դեռահասների համար: Հակոբյանը նշել է, որ  մերձեցման հրապարակային դրսեւորումը եւս  կարող է բացասական ազդեցություն ունենալ երեխաների չհասունացած հոգեբանության վրա: «Եւ տվյալ պահին  խոսքը միայն նույնասեռականների մասին չէ, այլ նաեւ` հետերոսեքսուալների»: