Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ճանաչել են, հիմք ընդունելով 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագիրը, որին միացած Խորհրդային Հանրապետությունները իրենց վարչական սահմաններում դարձել են անկախ պետություններ: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 24–ին, իններորդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանի շրջանակում Կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը ներկայացնելիս իր  ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Նա, մասնավորապես. Նշեց. «Չվիճարկվող, այսինքն միջազգային օրենքով լեգիտիմ տարածք և արտաքին հարաբերությունների մեջ լեգիտիմ դիրքորոշումներ ու ակնկալիքներ ունենալը արտաքին անվտանգության ապահովման առաջնային գործիք է, այն չլինելով բացարձակ երաշխիք, այնուամենայնիվ կարևոր հիմնաքար է, աշխարհի հետ փոխկապվածությունն է արտաքին անվտանգության ապահովման հաջորդ գործիքը։ Այս գործոնը թույլ է տալիս, որ երկիրը դառնա գլոբալ մատակարարումների շղթայի տնտեսական շրջանառության այնքան կարևոր մաս, որ նրա անվտանգությունն ու կայունությունը կարևոր դառնան բազմաթիվ այլ, այդ թվում հարևան երկրների համար, և ընդհակառակը, որի անկայունությունը որպես սպառնալիք ընկալվի տարածաշրջանի և միջազգային հանրության կողմից։

Խաղաղության խաչմերուկ նախագիծը և սրանից բխող թրիփ նախագիծը, որոնց իրականացման արդյունքում Հայաստանի տարածքով ապրանքներ կհոսեն արևելքից արևմուտք, հյուսիսից հարավ, նման հնարավորություններ են ստեղծում մեր երկրի համար, և մենք հենվում ենք ու հենվելու ենք ռազմավարական այս ընկալման վրա։

Արտաքին անվտանգության ապահովման հաջորդ կարևոր գործիքը երկարաժամկետ կանխատեսելիությունն է, կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում այլ երկրները, Հայաստանի Հանրապետությունը ավելի ու ավելի պակաս պետք է ընկալեն որպես սպառնալիք և խաղաղության օրակարգին նվիրվածությունը պետք է դառնա այլ երկրների կողմից Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ և ռազմավարական ընկալումը։

Այս խնդրի լուծման համար էական են ոչ միայն հռչակված քաղաքականությունները, այլև սոցիալ-հոգեբանական, կրթական-մշակութային, հանրային-քաղաքական ոլորտների բովանդակությունն ու խոսույթները։ Պատմության և ապագայի հստակ սահմանազատումը և օրվա իրականության գործնական կապակցումը ոչ այնքան անցյալի, որքան ապագայի հետ կենսական են Հայաստանի Հանրապետության հարատևությունը ապահովելու համար։

Նաև այս նպատակին է ծառայում «ապագան այսօր է» բանաձևը»,–ասաց նա։

Նա նկատեց, որ եթե մեր միջավայրը Հայաստանի Հանրապետությունը ընկալի որպես մի պետություն, որը, այսպես ասած, աչքից հեռու զարգանում է ու հարմար պահ է փնտրում պատմական հայրենիքը վերականգնելու համար, բնականաբար իրենք էլ հարմար պահ են փնտրելու մտքերի այս ընթացքը կասեցնելու, ի վերջո նաև այդ սպառնալիքին վերջ դնելու համար. «Այս պրոբլեմը արմատապես հասցեագրելու, եթե նույնիսկ ոչ բավարար, բայց անհրաժեշտ պայմանը իրական Հայաստանի գաղափարախոսությունը Հայաստանի Հանրապետությունում որպես ռազմավարություն սերմանելն է։ Այս բանաձևը օրգանապես պետք է ինտեգրվի մեզանում թերագնահատված այն ընկալման հետ, որ խաղաղությունն է անվտանգության ապահովման միակ գործուն և հուսալի երաշխիքը, ավելի հուսալի երաշխիք պարզապես գոյություն չունի։

Եվ հետևաբար խաղաղության վրա, խաղաղության ամրապնդման վրա ամեն օր աշխատելը, խաղաղության մասին հոգ տանելն է անվտանգային ոլորտում կարևորագույն անելիքներից մեկը։ Նաև պետք է հասկանալ, որ չկա ավելի հեշտ բան, քան խաղաղությունը փլուզելը։ Մանավանդ հիմա խաղաղությունը փլուզելը առանձնահատուկ ջանքեր չի պահանջում, խաղաղությունը փլուզելը հեշտ է, դժվար չի դա անելը բացարձակապես, իսկ ահա խաղաղություն ամրապնդելը, խաղաղության մասին հոգ տանելը էական ջանքեր է պահանջում, նույնիսկ դրամատիկ ջանքեր, այդ դրամատիկ ջանքեր ասելով նկատի ունենք, որ մենք մեր կոմֆորտ զոնաներից պետք է դուրս գանք»,–ասաց Փաշինյանը։