Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ այսօր լսվել է հաքեր Գեորգի Ավանեսովի նկատմամբ հարուցված քրեական գործը, գրում է «Առավոտը»:

«Այս գործն աշխարհում էլ իր նախադեպը չունի: Միգուցե համակարգչային հանցագործություններ կատարվում են, բայց այսպիսի գործ Հայաստանի հանրապետության դատարաններում առաջին անգամ է»,-  ասել է մեղադրանքը պաշտպանող դատախազ Հովսեփ Սարգսյանը:

Մինչ դատական վիճաբանությունների փուլում դատախազի մեղադրական ճառը լսելը, դատարանը համաներում է կիրառել Գ.Ավանեսովին առաջադրված Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածների կապակցությամբ եւ դադարեցրել նրա նկատմամբ քրեական հետապնդումը:

Քրեական օրենսգրքի 253 հոդվածի 2-րդ մասով (Համակարգչային սաբոտաժ) համաներում կիրառելու դեմ առարկեց դատախազը, ավելին, նա միջնորդել է 5 տարվա ազատազրկման դատապարտել Գեորգի Ավանեսովին:

Դատախազն ասաց, որ Ավանեսովը կատարել է մի արարք, որին առնչվում են բազմաթիվ երկրներ: Նա պնդեց, որ Ավանեսովը ստեղծել է համակարգչային հատուկ «Տրոյան» անունով ծրագիր, որի միջոցով՝ հարուցիչներով խոցել է համակարգչային պաշտպանված կայքերը: Մասնավորապես, 59 մլն օգտատերերի կայքեր էր մտել, 194 կայքեր շարքից դուրս հանել, տարածել 341 հատ հատուկ հարուցիչ: Մասնավորապես նշվեց այս գործով տուժող ճանաչված Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի, Կասպերսկու համակարգչային հատուկ ծրագրերի լաբորատորիայի, ՌԴ մշակույթի նախարարության «Կուլտուր.Ռու» կայքերը: Նախաքննության փուլում տուժողները հայտնել էին, թե Գ.Ավանեսովին չեն ճանաչել եւ մուտքի իրավունք նրան չի տրվել:

Դատախազը ասում էր, որ Ավանեսովի գործունեության պատճառով տուժող գերատեսչությունների գործարար համբավն է վնասվել, կայքերի հաճախորդների տվյալների պաշտպանվող գաղտնիությունը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ: Նա ծանր հետեւանք ասելով՝ նկատի ուներ հետեւյալը. «Բարեբախտաբար, օդում ինքնաթիռ չի ընկել, մարդկային զոհեր չեն եղել»: Այսինքն՝ մեղադրողը հնարավոր հանցագործությունն էր համարում ծանր հետեւանք:

Գեորգի Ավանեսովը բավականին հանգիստ էր իրեն պահում, նիստին հետեւում էին նրա մի քանի ընկերները: Պաշտպանական ճառին պատրաստվելու համար Ավանեսովի պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Գեղամ Հակոբյանը խնդրեց 1 օր ժամանակ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գեորգի Ավանեսովը 2010թ. հոկտեմբերի 1-ից Ինտերպոլի ուղիներով Հոլանդիայի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր Նիդեռլանդների Թագավորության քրեական օրենսգրքի 138ա, 138բ, 139դ, 350ա եւ 420 հոդվածների (կազմակերպված հանցավոր խմբավորման անդամակցելը, կիբերհանցավորություն, փողերի լվացում) մեղադրանքով: Խափանման միջոցը` կալանք: Գ. Ավանեսովը տեղափոխվել է ոստիկանության Երեւան քաղաքի ձերբակալվածների պահման վայր, ինչի մասին հայտնվել է ՀՀ գլխավոր դատախազությանը եւ ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո` հետախուզման նախաձեռնողին տեղեկացնելու համար:

Ըստ հետաքննչական մարմնի, Bredolab բոտնետի համակարգողն է: Բոտնետը համակարգչային ցանց է, որտեղ զոհերի համակարգիչները վարակված են գաղտնի ծրագրերով (բոտով), որոնք թույլ են տալիս չարագործներին ինչ-ինչ գործողություններ կատարել վարակված համակրգչի ռեսուրսների օգտագործմամբ: Բորտնետի կառավարման համար օգտագործվել է 143 սերվեր, որոնք պատկանում են LeaseWeb հոլանդական հոսթինգ պրովայդերին:

LeaseWeb-ի ղեկավարները վնասակար ակտիվությունն իրենց  սերվերներում հայտնաբերել են դեռ ամռանը, բայց ոստիկանությունը հույս ունենալով դուրս գալ բոտնետի ղեկավարների հետքի վրա, պրովայդերին արգելել էին սարքն անջատել:

Մեկ ամսվա ընթացքում Bredolab-ը շուրջ 3 մլն համակարգիչ է վարակել եւ վարակ պարունակող 3,6 մլրդ էլեկտրոնային նամակ է փոխանցել:Նամակի տեքստում նշվում է հանրահայտ մեկի մահվան մասին եւ առաջարկվում է բացել կցված ֆայլը, որից հետո համակարգիչը վարակվում է:

Բոտներտի օպերատորները հնարավորություն էին ստանում գաղտնի կառավարել այդ համակարգիչները, ինչպես նաեւ տեսնել օգտագործողի անձնական տվյալները, այդ թվում գաղտնաբառերն ու հաշվեհամարները: