Դեկտեմբերի 11-ին քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության փակումից հետո Թուրքիայում շարունակվում են անկարգությունները։ Թուրքական Internethaber կայքէջի փոխանցմամբ՝ բացի Թուրքիայի հարավարեւելյան քրդաբնակ շրջաններից, անկարգությունները շարունակվում են Թուրքիայի այլ հատվածներում եւս։ Իզմիրում, Մերսինում քրդական կուսակցության փակման դեմ բողոքողները հարձակվում են ավտոմեքենաների, խանութների վրա, քարկոծում, նետում այրվող շշեր։ Մի շարք վայրերում լուրջ բախումներ են տեղի ունեցել բողոքավորների եւ նրանց արարքներից տուժված քաղաքացիների միջեւ։