4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների մի մասն, ըստ էության, չի լինելու նոր գումարվելիք ԱԺ-ում: NEWS.am-ը փորձել է պարզել, թե ինչով են այսուհետ զբաղվելու նախկին պատգամավորները:

Այսպես,  Հայաստանի հանրապետական կուսակցությունից Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավորներից «Մաքս Կոնցեռնի» ղեկավար  Խաչիկ Մանուկյանը զբաղվելու է բիզնեսի կառավարմամբ: «Այնքան գործ ունեմ անելու, ամբողջ ուժերս ներդնում եմ կառավարման մեջ` բիզնեսի կառավարում»,- ասաց նա` հավելելով, որ իրեն ամբողջությամբ նվիրում է իր բիզնեսին: Նա նշեց, որ այդ ոլորտում դեռեւս նորություն չունի, բիզնեսը դեռ չի ընդլայնել, սակայն առաջիկայում նման ծրագրեր ունի:

ՀՀԿ-ական մեկ այլ գործարար պատգամավոր` Տիգրան Արզաքանցյանը եւս այսուհետ զբաղվելու է իր բիզնեսով եւ առավելապես լինելու է Հայաստանում, քան արտասահմանում: «Հանքարդյունաբերություն, կոնյակագործություն, խաղողագործություն. այս ոլորտներով եմ զբաղվելու, չեմ կարող ասել հեռախոսով»,- ասաց նա:

Արզաքանցյանն իր բիզնեսներն ընդլայնելու լուրջ ծրագրեր ունի: «Մի քանի օրից լուրը կլսեք, ամենաուշը` երեքշաբթի: Լուրջ ինվեստոր եմ բերում հանքարադյունաբերության ոլորտում»,- ասաց նա` հավելելով, որ փակագծերը բացելու իրավունք չունի;

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Հարություն Փամբուկյանին, նա հեռախոսահամարները փոխել է, եւ մեզ չհաջողվեց կապվել իր հետ: Մեր տեղեկություններով` Հարություն Փամբուկյանը բնակություն է հաստատել Ռուսաստանում, զբաղվում է բիզնեսներով եւ առայժմ Հայաստան գալու մտադրություն չունի:

ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանն այսուհետ զբաղվելու է գիտակրթական աշխատանքով: «Բրյուսովում մի ամբիոն կա, որը կոչվում է մարդու իրավունքների ժողովրդավարության եւ եվրոպական ուսումնասիրությունների ամբիոն», այս մի քանի ամիսներին դրանով եմ զբաղված, ծրագրերը պետք է փոխել, լուրջ աշխատանք պետք է տարվի, առայժմ դա, հետո արդեն կյանքը ցույց կտա»,- նշեց նա: Ինչ վերաբերում է բիզնեսով զբաղվելուն, ԱԺ նախկին նախագահը նշեց, որ եթե զբաղվեր, մինչ այդ էլ կզբաղվեր:

«Ժառանգություն» կուսակցությունից 4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը զբաղվելու է դասախոսական աշխատանքով: «Որեւէ ազգօգուտ գործ կգտնեմ, դասախոսական գործունեությունս երեւի թե կշարունակեմ»,- նշեց նա: Արմեն Մարտիրոսյանը Ֆիզկուլտուրայի ինստիտուտում դասավանդում  է սամբո ըմբշամարտի տեսություն եւ մեթոդիկա առարկան: «Ես երբեւից բիզնեսմեն չեմ եղել, եւ չեմ էլ պատրաստվում լինել»,- նշեց նա:

Հայ հեղափոխական դաշնակցությունից ԱԺ 4-րդ գումարման պատգամավոր Ռուզան Առաքելյանը զբաղվելու է այն աշխատանքներով, որոնցով մինչեւ պատգամավոր դառնալն էր զբաղվում: «Դասախոսական աշխատանքով, որ մինչեւ Ազգային ժողով գնալն էի զբաղված, եւ նաեւ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության գլխավոր խմբագիրն էի, այսինքն` այն աշխատանքներով, որոնցով մինչեւ ԱԺ գնալն էի զբաղված, շարունակելու եմ նաեւ այժմ, մնացածն արդեն կյանքը ցույց կտա, թե այս երկու աշխատանքների բերումով որքանով քաղաքականության մեջ կմնամ»,-նշեց նա: