ՕԵԿ-ից դուրս եկած եւ Հայաստանի Ազգային եւ տեխնիկական անվտանգության տեսչության պետի տեղակալի պաշտոնը թողած Ռազմիկ Տերտերյանին, թեեւ Արթուր Բաղդասարյանը համոզել է, որ այդ քայլին չգնա, բայց նա իր որոշումը չի փոխել: Ավելին` պատրաստվում է Աշտարակի քաղաքապետի ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Ռազմիկ Տերտերյանը:
Հարցին, թե որն է եղել ՕԵԿ-ը լքելու պատճառը, արդյոք տարաձայնություններ է ունեցել Արթուր Բաղդասարյանի հետ, նա պատասխանեց, որ ոչ մի անձնական խնդիր չկա, պատճառը զուտ քաղաքական հայացքների, մոտեցումների տարբերությունն է: «Վիրավորված չեմ: Իրենք իմ ընկերներն են այդ տեսակետից ոչ մի խնդիր չկա: Ես այնտեղ հիմա էլ լավ ընկերներ ունեմ»,-ասաց նա, հավելելով, որ այդ ընկերների շարքում են, մասնավորապես, Արթուր Բաղդասարյանը, Հեղինե Բիշարյանը, Մհեր Շահգելդյանը, Արմեն Երիցյանը:
Ռազմիկ Տերտերյանը, ով մինչեւ վերջերս ղեկավարում էր ՕԵԿ-ի Աշտարակի կառույցը եւ նաեւ արտակարգ իրավիճակների նախարարի խորհրդականն է եղել, նշեց, որ 2008-ին ինքը կողմ է եղել կոալիցիայի մեջ մտնելուն, սակայն հիմա տեսնում է, որ ՕԵԿ-ը 2007-ի համեմատ ավելի քիչ ձայն է հավաքել, հետեւաբար, ինչ-որ բան սխալ են արել: «Փաստորեն ստացվեց, որ ժողովուրդը չգնահատեց կոալիցիա մտնելու քայլը եւ այլ մոտեցում ուներ: Ես մտածեցի, որ ինչ-որ տեղ սխալվել եմ: 2007թ-ին մեր կուսակցությունը Աշտարակ քաղաքում հավաքել է 1030 ձայն, իսկ 2012թ-ին` 592 ձայն: Այսինքն` ստացվում է, որ իմ ընտրած ճանապարհը սխալ էր եւ որոշեցի, որ այդ կուրսով չգնամ»,-ասաց նա:
Արդեն նախկին ՕԵԿ-ականի խոսքով, հիմա զբաղվում է ընտանեկան բիզնեսով` շինանյութերի ներմուծմամբ եւ վաճառքով եւ չի պատրաստվում այլ կուսակցության անդամ դառնալ, թեեւ հնարավոր է համարում, որ Աշտարակի քաղաքապետի ընտրություններում առաջադրի իր թեկնածությունը:
Դիտարկմանը, թե ըստ որոշ լուրերի, որոշ ՕԵԿ-ականներ կուսակցությունը լքեցին նրա համար, որ Արթուր Բաղդասարյանը նրանց ծախսած գումարները հետ չի վերադարձրել, Տերտերյանն ասաց, որ իրենք ընտրությունների ժամանակ ծախսել են կուսակցության նախընտրական հիմնադրամի գումարները, ոչ թե ` իրենց:
Հարցին, թե ՕԵԿ-ում եղե՞լ են մարդիկ, ովքեր ցանկացել են հետեւել իրեն եւ լքել կուսակցությունը, նախկին ՕԵԿ-ականը պատասխանեց, որ այդպիսի ցանկություն ունեցող իր ընկերներին ինքը հորդորել է մնալ ՕԵԿ-ում:


























