Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ասել է, թե ինքը քաղաքապետ չէ, այլ քաղաքատեր է, ինչը քաղաքական սխալ է, որովհետեւ տեր լինելու համար պետք է արմատներ ունենալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թիվ 33  ընտրատարածքում հաղթած թեկնածու ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանը, ով սիրով պատասխանեց NEWS.am-ի մի քանի հարցերի:

Պարոն Աղաբաբյան ասել էիք, որ Շիրակի մարզում ՀՀԿ-ի պարտությունը պայմանավորված է Վարդան Ղուկասյանի անձով եւ, եթե հրաժարականի դիմում ներկայացնի, դա իր կողմից տղամարդկություն կլինի: Նրա կողմից արձագանք ստացե՞լ եք:

Ոչ իր կողմից արձագանքեր չեն եղել:

Վարդան Ղուկասյանի հետ անձնական խնդիրնե՞ր ունեք, որ նման հայտարարություն եք անում, հաշվի առնելով, որ նա Ձեր կուսակիցն է:

Անձնական ոչ մի բան չկա: Կան ցուցանիշներ, որոնք շատ թույլ են, ցածր են եւ դրա մեղավորությունը չի կարելի ինչ-որ մեկի կամ մյուսի վրա բարդել: Հարկավոր է կոնկրետ պատճառներով մեկնաբանել, թե ինչու այդպես եղավ:

Իսկ ո՞ւմ եք տեսնում որպես Վարդան Ղուկասյանին փոխարինող:

Ճիշտ հարց եք տալիս, որովհետեւ, եթե մի բան չեք ուզում` պետք է ցույց տաք, թե ինչ եք ուզում: Բայց քանի որ ես քաղաքապետի վարույթների  մեջ չեմ մտել, տեղյակ չեմ, թե  ինչքանով է իր աշխատանքը, որպես քաղաքապետ հստակ կատարում, իսկ որպես ՀՀԿ-ի մարզային կառույցի ղեկավար չեմ տեսնում իրեն: Իմ խնդիրն այն է, որ կուսակցական ոչ ճիշտ աշխատանքի հետեւանք է եղել ձայների քիչ առկայությունը: Իսկ, թե ինչ քաղաքապետ է ինքը, դա ժողովուրդը  պետք է բնութագրի: Օրինակ,  ես իրենից մի արտահայտություն գիտեմ, թե. «Ես քաղաքապետ չեմ, այլ քաղաքատեր եմ»: Իմ կարծիքով էլի քաղաքական սխալ է թույլ տալիս, որովհետեւ տեր լինելու համար պետք է արմատներ ունենալ:

Եթե չեմ սխալվում նույն Շիրակի մարզում 800 ձայնի առավելությամբ հաղթեցիք: Ձեր հաղթանակը ինչո՞վ էր պայմանավորված:

Այո, Դուք համամասնական հաղթանակի մասին եք խոսում, որովհետեւ մեծամասնականով ձայների տարբերությունը 5 հազարից ավելի էր: Ինձ համար էլ անհասկանալի էր, թե ինչպես այդքան տարբերություն եղավ իմ եւ համամասնական ձայների մեջ: Դա նշանակում է, որ կուսակցական աշխատանքը ճիշտ չի կատարվել: Այսինքն այն կուսակցությունը, որը տեղում թեկնածու չի ունեցել,  դա ԲՀԿ-ն է եղել, «Ժառանգությունը», իրենց  ձայները տվել են ՕԵԿ-ի թեկնածուին (Հովհաննես Մարգարյանի-խմբ), իսկ ՕԵԿ-ն իր ձայները տվել է ԲՀԿ-ին:

Կոնկրետ փաստեր ունե՞ք նման բան պնդելու համար:

Դա ոչ թե փաստ է, այլ իմ եզրակացությունն է:

Հիշեցնենք, որ թիվ 33  ընտրատարածքում ընտրապայքարի էին դուրս եկել Աշոտ Աղաբաբյանը (ՀՀԿ), Շալիկո Զորյանը (ՀԱԿ) եւ Հովհաննես Մարգարյանը (ՕԵԿ):

Զրուցեց` Տաթեւ Մեսրոպյանը