Մամուլում արդեն գրվել է, որ որոշ թեկնածուներ եւ քաղաքական ուժեր ընտրողներից հետ են պահանջում իրենց բաժանած ընտրակաշառքը:

«Իսկ որոշներն էլ, պարզվում է՝ կիսատ են թողել իրենց խոստացած կամ սկսած գործը: Մասնավորապես Վայք քաղաքում «Ջերմուկ Գրուպի» սեփականատեր Աշոտ Արսենյանը, ով մեծամասնականով առաջադրված էր նույն տարածքում եւ հաղթանակ տարավ ՀԱԿ-ի թեկնածուի նկատմամբ, կիսատ է թողել Վայք քաղաքի ասֆալտապատման աշխատանքները, որը սկսել էր ընտրություններից առաջ:

Բնակիչների խոսքով, հենց ընտրության հաջորդ օրը դադարեցվել են աշխատանքները, եւ հայտնի էլ չէ՝ շարունակելու են, թե ոչ: Թերեւս ընտրողների ձայները ստանալուց հետո ինչ իմաստ ունի գումար ծախսել կամ ինչ-որ բան անել: Երեկ Արսենյանից փորձեցինք պարզել, թե ինչու չի ավարտում կիսատ թողած ասֆալտապատումը, սակայն նա այդպես էլ չպատասխանեց մեր զանգերին»,- գրում է «Հրապարակը»: