Այն, ինչ մայիսի 14-ի գիշերը տեղի ունեցավ Թբիլիսիի Սուրբ Նշան եկեղեցու հետ, սպառնում է նաեւ Վրաստանում անմխիթար վիճակում գտնվող մյուս հայկական եկեղեցիներին: Այդ մասին գրում է «Հայացք» թերթը:

«Հայաստանի ղեկավարությունը լռում է, իսկ Վրաստանում շարունակում են ոչնչանալ հայերի պատմական եկեղեցիները: 2009 թվականին փլվեց Մուղնեցոց Սուրբ Գեւորգ եկեղեցու գմբեթը, բայց դա դաս չեղավ մեզ: Ամեն մի փլուզումից, հրդեհից կամ սրբապղծության դեպքից հետո մի փոքր աղմուկ ենք բարձրացնւմ եւ վերջ: Այնինչ հարցը վերջնական լուծման կարիք ունի, պետական մակարդակով վերջնական լուծման կարիք:

Բայց ամեն անգամ Վրաստանի հայկական եկեղեցիների կամ հայ համայնքի խնդիրների մասին խոսելիս հատկապես հայ պաշտոնյաները լրագրողներին հորդորում են  զերծ մնալ «անհարկի շահարկումներից»: Սկսում են հիշեցնել, թե Վրաստանը Հայաստանի եղբայրն է, եւ որ երկու երկրների բարեկամական հարաբրությունների միջեւ չպետք է սեպ խրել: Եղբայր երկիր, որի իշխանություններն, օգտվելով հայ  եղբայրների հանդուրժող պահվածքից, շարունակում են ոչնչացնել իրենց եղբայրների սրբությունը: Ու չենք կարողանում այդ եղբորը հասկացնել, թե` եղբայր, տուր մեզ մեր եկեղեցիները, մենք կվերականգնենք: Կամ պարզապես չենք ուզում հասկացնենք»,- գրում է «Հայացքը»: