Հայաստանի կառավարության այսօրվա` մայիսի 17-ի նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը բավական կոշտ գնահատականներով անդրադարձավ ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված Վարդան Օսկանյանի նախընտրական շրջանում հնչեցրած այն քննադատություններին, որ կենտրոնական բանկն ու կառավարությունը բավականաչափ արդյունավետ չեն կոորդինացնում իրենց աշխատանքները: Վարչապետի հայտարարությունների համար առիթ ծառայեց 2012 թ. դրամավարկային քաղաքականության վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացության հաստատումը:
«Պետք չի քաղաքական գնահատականներ տալ այս երեւույթին, մանավանդ որ այդ գնահատականները շատ անգրագետ են, եւ համահունչ չեն ոչ մեր օրենսդրությանը, ոչ միջազգային պրակտիկային»,-ասաց Տ. Սարգսյանը: Նրա խոսքով` կենտրոնական բանկի հիմնական նպատակը գնաճի զսպումն է, կառավարության հիմնական նպատակը` տնտեսական աճի շեշտադրումը: Հետեւաբար` այդ երկու տարբեր նպատակները առաջացնում են բանավեճ ԿԲ-ի եւ կառավարության միջեւ: «Դրա համար էլ գոյություն ունի դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականությունների կոորդինացման հստակ ուղեցույց: Մեզ քննադատում են, որ աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը, դրանք անհիմն քննադատություններ են, ուղղակի մարդիկ չեն հասկանում, թե ինչ է նշանակում դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականությունների կոորդինացումը»,-հայտարարեց Տ. Սարգսյանը:
Նա նաեւ հավաստիացրեց, որ ամենեւին էլ մտադրություն չկա այդ երկու ինստիտուտների նպատակները դարձնել միեւնույնը, քանի որ բանավեճը պետք է մշտապես տեղի ունենա, ինչն էլ նպաստում է ճիշտ որոշումներ ընդունելուն:




























