Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, այսօր` մայիսի 17-ին, Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Տիկահիտո Հարադային:
Մայր աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը Գարեգին Բ-ն գոհունակություն է հայտնել երկու երկրների միջեւ համագործակցության առավել սերտացման նպատակով ձեռնարկվող քայլերի համար` վստահություն հայտնելով, որ այդ գործակցությունից փոխադարձ դրական արդյունքներ կարձանագրվեն: Կաթողիկոսն իր գնահատանքն է հայտնել Ճապոնիայի ժողովրդին` Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ անցյալ տարի ողջ աշխարհը ցնցած ողբերգությանը` Ճապոնիայի երկրաշարժին եւ դրա սոսկալի հետեւանքներին:
Այս առնչությամբ Ճապոնիայի դեսպանը շնորհակալություն հայտնել Գարեգին Բ-ին` դժվարին այդ օրերին հայ ժողովրդի եւ Հայոց եկեղեցու սրտակցության, ինչպես նաեւ ի հիշատակ զոհվածների կազմակերպված աղոթքի արարողության համար:
Նորին Սրբությունը մաղթել է, որ Ճապոնիան շուտափույթ հաղթահարի աղետի հետեւանքները եւ ինչպես Ճապոնիայի ժողովուրդը, այնպես էլ ամբողջ աշխարհը զերծ մնան նման ողբերգություններից:




























