Արագածոտնի մարզում, մայիսի 8-ին, ժամը 20.30-ի սահմաններում Աշտարակ քաղաքի բնակիչ 37-ամյա Արամ Հովակիմյանի սպանության մեջ մեղադրվող երգիչ Ռուբեն Հակոբյանը, ով երգարվեստում հայտնի է Կարեն Հակոբյան անուն ազգանունով, ըստ NEWS.am-ի տեղեկությունների, սպանությունը կատարել է խանդի հողի վրա: Ավելին ` կրակել է սպանվածի, ոչ թե ոտքին, այլ` սեռական օրգաններին:
NEWS.am-ն այս տեղեկությունը փորձեց ճշտել ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, սակայն մեզ ընդամենը փոխանցեցին, որ հիմա նախաքննություն է ընթանում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մայիսի 11-ի որոշմամբ 2 ամսով կալանավորվել է Ռուբեն Հակոբյանը, ով մեղադրվում է իր ազգականին սպանելու մեջ: Նա հանրությանը հայտնի է որպես երգիչ Կարեն Հակոբյան: Դատարանի որոշումից հետո երգիչը տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Նշենք, որ Կարեն Հակոբյանը վերջին տարիներին բնակվում էր ԱՄՆ-ում եւ նոր էր վերադարձել Հայաստան: Նրա վերջին հայտնի տեսահոլովակը «Սիրել եմ»-ն է: Սպանվածի հետ նա ազգակցական կապեր է ունեցել: Վերջինս դեռեւս անհայտ պատճառներով զանգել եւ սպառնացել է Կարեն Հակոբյանին, անպատվել, ինչն էլ նրան դրդել է սպանության: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնել են, որ մայիսի 8-ի երեկոյան, ոստիկանության Աշտարակի բաժնի աշխատակիցները Պռոշյան փողոցում ծառայություն կատարելիս կրակոցներ են լսել, վազել են ձայնի ուղղությամբ եւ Պռոշյան-29 շենքի հետնամասում նկատել գետնին ընկած վիրավոր տղամարդու: Ոստիկանները շտապօգնության մեքենայով վիրավորին տեղափոխել են Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ պարզվել է, որ տուժողն Աշտարակի բնակիչ, 37-ամյա Արամ Հովակիմյանն է: Նրա աջ ոտքի սրունքին եւ ձախ ոտքի ստորին ու վերին հատվածներում առկա են եղել թափանցող վերքեր, եւ 15 րոպե անց նա արյունահոսությունից մահացել է: Ձեռնարկված ծավալուն օպերատիվ եւ քննչական միջոցառումների արդյունքում, ժամեր անց պարզվել է սպանությունը կատարողի ինքնությունը՝ Աշտարակի բնակիչ, 39-ամյա Ռուբեն Հակոբյան, ով առավել հայտնի է որպես Կարեն Հակոբյան: Նա ներկայացել է ոստիկանության բաժին, տվել ինքնախոստովանական ցուցմունք ու հանձնել հանցագործության գործիք «Մակարով» տեսակի ատրճանակը՝ փափշտակալով եւ 3 փամփուշտով:
Պարզվել է, որ տուժողի ու Հակոբյանի միջեւ վեճը ծագել էր դեռեւս ամիսներ առաջ: Օրեր առաջ նրանք պատահական հանդիպել են, նրանց մեջ կրկին վեճ է ծագել, իսկ մայիսի 8-ին հեռախոսային խոսակցության ժամանակ Հովակիմյանը հայհոյախառն սպառնալիքներ է հասցրել Հակոբյանին: Նրանք պայմանավորվել են հանդիպել, որի ժամանակ էլ հենց կատարվել է սպանությունը:Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ Արագածոտնի մարզում մայիսի 8–ին՝ ժամը 20.30-ի սահմաններում կրակոցներ են հնչել, որի հետեւանքով մահացել է Աշտարակ քաղաքի բնակիչ 37-ամյա Արամ Հովակիմյանը: Ոստիկանության փոխանցմամբ` դեպքի վայրում օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել է 9մմ տրամաչափի երեք պարկուճ եւ 1 գնդակ:
Ըստ շրջանառվող տեղեկությունների` Ա. Հովակիմյանը աշխատում էր Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես պարեկ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօր.-ի 104 հոդվածի 1–ին մասի եւ 235-րդ հոդվածի հատկանիշներով (սպանություն եւ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Հայտնաբերված պարկուճներն առգրավվել են եւ ուղարկվել, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:



























