Մայիսի 6-ի ընտրություններից հետո Երեւանի վարչական շրջանների որոշ ՀՀԿ-ական ղեկավարներ խնջույք են կազմակերպել եւ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տոնել իրենց հաղթանակը: NEWS.am-ը փորձել է պարզել, թե վարչական շրջանների դեռեւս խնջույք չկազմակերպած ղեկավարները ե՞ւս նման քեֆեր կազմակերպելու են, թե` ոչ:

Դավիթաշենի վարչական շրջանի Ղեկավար Արթուր Գեւորգյանը, ով արցախյան ազատամարտի հերոս Սամվել  Գեւորգյանի որդին է եւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենք մեծ շուքով խնջույք չեն կազմակերպել, սակայն նեղ միջավայրում տոնել են իրենց հաղթանակը: «Ինչպե՞ս եք պատկերացնում, ամբողջ 25 հազար մարդու համար խնջույք կազմակերպելը հնարավո՞ր է: Մյուս համայնքերում, երեւի, ավելի քիչ ձայն են ստացել կազմակերպել են»,-ասաց նա ու հավելեց. «Ես չգիտեմ, թե ինչ նկատի ունեք ասելով խնջույք: Իհարկե, թիմը հավաքվել, մի տեղ նշել է, բայց հատուկ հրավերներ երկրի նախագահի մակարդակով չի եղել»:

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը որոշ վարչական շրջաններում խնջույքներին մասնակցել է, իսկ Դավիթաշենում` ոչ, Ա. Գեւորգյանն ասաց, թե չգիտի:

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Ռուբեն Հովսեփյանը, ով գլխավոր դատախազի եղբայրն է, NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռ չեն կազմակերպել խնջույք, բայց մյուս շաբաթվա մեջ կկազմակերպեն, բայց դեռ կոնկրետ օրը որոշված չէ: «Երեւի «Փարվանայում» լինի»,-հավելեց նա:

Ինչ վերաբերում է նրան, թե ովքեր են լինելու հրավիրյալների ցանկում, Ռ. Հովսեփյանն ասաց. «Կուսակցության բոլոր մեր ղեկավարները: Երկրի նախագահին էլ անպայման հրավերք լինելու է: Հիմա ես ո՞նց կարող եմ ասել լինելու է, թե` ոչ»:

Հարցին, թե հնարավո՞ր է միանան գործարար Սամվել Ալեքսանյանին, ով եւս «Փարվանայում» հաջորդ շաբաթ խնջույք է կազմակերպելու ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակի առթիվ, Աջափնյակի վարչական շրջանի ղեկավարը պատասխանեց. «Միասին չենք անելու, ոչ: Միասին չենք տեղավորվի, հետեւաբար առանձին ենք անելու»:

Ավելի վաղ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ  մայիսի 11-ից սկսած՝ նախագահ Սերժ Սարգսյանը Երեւանի վարչական շրջանների կուսակցական ակտիվի հետ, տոնական սեղանների շուրջ, նշում է խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի տարած հաղթանակը: Առաջին նման խնջույքը տեղի է ունեցել Արաբկիրի ՀՀԿ ակտիվի հետ, «Ֆլորենցիա» ռեստորանային համալիրում: Կիրակի օրը Սերժ Սարգսյանը եղել է Էրեբունի համայնքում, որտեղ նրան հյուրընկալել է նորընտիր պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախ լճի ափին գտնվող իր սեփական «Արգիշտի» ռեստորանում: Երեկ նման հանդիպում է տեղի ունեցել Նոր Նորքի կուսակցական ակտիվի հետ՝ «Հարսնաքար» ռեստորանում:

Սամվել Ալեքսանյանն ասել է, որ Մալաթիայի ակտիվի հետ հանդիպումը տեղի է ունենալու մայիսի 21-ին՝ իրեն պատկանող «Փարվանայում», Շենգավիթի ՀՀԿ-ականները նախագահ Սարգսյանին կհյուրընկալեն «Վարդանանքում», մայիսի 20-ին:

Իսկ մարզային կառույցների հետ հանդիպումը կլինի վերջինը, եւ ՀՀԿ-ականներն ասում են, որ նրանց Սերժ Սարգսյանը կշնորհավորի «փաթեթով», այսինքն բոլորը կհավաքվեն մեկ վայրում եւ կխմեն հանուն ՀՀԿ փառահեղ հաղթանակի: Այս հանդիպումներին ներկա են գտնվում ՀՀԿ կենտրոնական շտաբի ներկայացուցիչները, քաղաքապետ Տարոն Մարգարյանը, տվյալ վարչական տարածքի ՀՀԿ մեծամասնական թեկնածուն, վարչական տարածքի ղեկավարը եւ այն մարդիկ, ովքեր ներգրավված են եղել նախընտրական գործունեության մեջ, գրում է «Հրապարակը»: