Երեւանում, սեպտեմբերի 23-ին ոստիկանության կողմից  վնասազերծված «բանդայի» անդամ  Քյարամ Ամոյանի եւ Արտյուշա Հակոբյանի խափանման միջոց կալանքը երկու ամսով երկարաձգել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին նրանց հարազատները:

Քյարամ Ամոյանի մայրը` Կարինե Հակոբյանը, պատմեց, որ որդին դատարանում վատացել է եւ ստիպված են եղել շտապօգնություն հրավիրել: «Ես դատարանի դռան մոտ էի. դե մեզ չեն թողնում, որ ներս մտնենք: Տեսա, որ շտապօգնության մեքենան եկավ, մտան ներս: Ես հարցրեցի. Կարո՞ղ է, էն եզդի տղայի համար է եկել մեքենան, ասեցին, հա, մայրիկ ջան, եզդի տղան վատացել է: Ես ո՞ւր գնամ, ո՞ւմ դիմեմ, ի՞նչ անեմ: Ես ուզում եմ թալանվածների հետ էլ հանդիպեմ: Հարցնեմ մենք ձեր ելքն ու մուտքը իմացե՞լ ենք: Ախր մենք երազում էլ ձեզ չենք տեսել: Իմ խիղճը միայն նրանով է հանգիստ, որ իմ երեխան մեղավոր չի, բայց այս շինծու մեղադրանքը եւ իմ երեխայի առողջական վիճակը ինձ հանգիստ չեն տալիս: Մոտիկ տեղերում գողին բռնեք, ոչ թե` հեռուներից»,- ասաց տիկին Կարինեն, հավելելով, որ իրեղեն ապացույցներ չունենալով հանդերձ որդուն գրավի դիմաց ազատ չեն արձակում:

«Հասկացեք, այստեղ իմ 19 տարեկան երեխայի անմեղությունից բացի նրա առողջության հարցն է դրված: Նա ինսուլտ է տարել եւ հիմա նրա ճնշումն անընդհատ տատանվում է, ինչը շատ վտանգավոր է»,- ավելացրեց Քյարամի մայրը: Նրանից նաեւ տեղեկացանք, որ նախագահին ուղարկված գրությունը, որում խնդրում են  որդուն գրավի դիմաց ազատ արձակել, վերահասցեագրվել է դատախազություն:

Իսկ «Գառնիի Սուրիկի Լավաշ» ապրանքանիշով հաց արտադրող ընկերության սեփականատեր Սուրիկ Հակոբյանն էլ ասաց, որ Արտյուշա Հակոբյանի կալանքը եւս 2 ամսով երկարաձգել են: Իսկ փոքր որդուն` Անդրանիկ Հակոբյանին դատապարտել են 1 տարվա ազատազրկման` թմրանյութ պահելու մեղադրանքով: «Սակայն կարող էին նաեւ տուգանքով ազատ արձակել, այնինչ` դատախազը ցանկացել էր, որ առավելագույն` 3 տարվա ազատազրկում տային»,-ասաց նա:

Ավելի վաղ` NEWS.am-ը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 23-ին, ավազակախմբի վնասազերծման գործողությունն իրականացվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից: Գործողությունն իրականացվել է մի քանի ուղղություններով, որի արդյունքում առ այսօր բերման է ենթարկվել 16 անձ: Գործողության ժամանակ կասկածյալներից մի քանիսը փորձել են փախուստի դիմել, սակայն Mercedes մակնիշի մեքենան վթարվել էր, իսկ 49-ամյա Գուրգեն Հայրապետյանը փախուստի ժամանակ ընկել էր ժայռից եւ մահացել: Բանդայի վնասազերծման գործողության արդյունքում ձերբակալվել էր 16 մարդ, որոնցից 8-ը, այդ թվում հանցախմբի պարագլուխներից մեկը համարվող Արտուշ Հակոբյանը ավելի ուշ կալանավորվել էին: Սկզբում տեղեկություններ էին շրջանառվում, թե այս գործում մի ամբողջ շարք պաշտոնատար անձանց զավակներ են խառնված, սակայն այդ լուրերը հերքվեցին ոստիկանության եւ դատախազության կողմից: Իսկ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանին ուղղված NEWS.am-ի թղթակցի հարցին, թե հավանակա՞ն է, որ ոստիկանությունը սխալ մարդկանց ձերբակալած լինի, պատասխանեց. «Քննություն է ընթանում եւ քննության ավարտից հետո նոր միայն բոլոր հարցերի պատասխանները հստակ կտրվեն: Այդ հարցերի պատասխանները միայն բոլոր քննչական փուլերի ավարտից հետո պարզ կլինի: Իսկ ներկա պահին, բնական է, որ նրանց հարազատները այդպես կասեն»:

Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը