«Առավոտի» փոխանցմամբ, «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը ասել է, թե ԱԺ ընտրություններն ավարտվեցին նրանով, որ Հայաստանում այլեւս արտախորհրդարանական ընդդիմություն չկա:

«Բայց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի կողմից արտախորհրդարանական ընդդիմություն ձեւավորելու հայտ ներկայացվեց, որի մասին նա նաեւ բարձրաձայնեց՝ ասելով, որ ինքը գնում է միանալու փողոցում հավաքվող մարդկանց: Թե դա ի՞նչ դրսեւորումներ կունենա՝ կախված է լինելու հետագա զարգացումներից: Որ դրա պոտենցիալը կա՝ բնական է, որովհետեւ նույնիսկ ՀՀԿ-ն էր իր գլխավոր կարգախոսով փոփոխություններ ուզում:

Հիմա հասարակությունը ՀՀԿ-ից կարող է եւ պետք է պահանջի՝ հարգելիներս, հիմա դուք ունեք հասարակության հետ կնքած համաձայնագիր, որով այդ հասարակությունը ձեզ հավատացել է, որ փոխելու եք: Դե, հիմա գնացեք եւ փոխեք: Թե ի՞նչ է պետք փոխել՝ պիտի ցույց տա հասարակությունը: Իսկ հենց մակերեսի վրա փոխելու, աղբանոց նետելու  այնքան բան կա»,- ասաց քաղաքագետը:

Նրա դիտարկմամբ, երկրում որեւէ բան փոխելու փոխարեն ՀՀԿ-ն  գնում է կոալիցիա ձեւավորելու ճանապարհով, որը ենթադրում է նաեւ պատասխանատվության փոշիացում, լղոզում, ու հանգելու է նրան, որ, այնուամենայնիվ, ոչինչ էլ չի փոխվելու, եւ հասարակությունն էլի կարող է փողոց դուրս գալ: