Թուրքիայում մայիսի 11-ին կայացած Նունե Եսայանի համերգը հիանալի է անցել, ավելին` երգչուհին վերջին տարիների ընթացքում այդպիսի համերգ չէր ունեցել: Այս մասին այսօր` մայիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց երգչուհի Նունե Եսայանը` հավելելով, որ այս անգամ կարծես նոր Նունե Եսայան էր ծնվել:

Պոլսում հայ երգչուհին ունեցել է 2000-անոց համերգ, տոմսերը տանսհինգ օր առաջ սպառվել էին: «Իմ երգացանկով մեկնեցի, դա համարձակ քայլ էր: Երգել եմ Վանա ծովի, Ղարսի, Մուշի, Սասունի մասին»,- ասաց նա:

Նա նշեց, որ տարիներ առաջ Հրանտ Դինքի հետ հանդիպել է Հայաստանում եւ «Ակոս» թերթի կողմից նպատակ կար, որ ինքը մեկներ Ստամբուլ, այնտեղ մեծ մարզադաշատում համերգ լիներ, որը ցավոք չկայացավ: «Վերջերս մարտին նորից հրավեր ստացա, որպեսզի մեկնեմ, «Սահակյան սանոց» միությունն էր հրավիրողը: Սիրով համաձայնեցի, իմ նվագախմբի հետ միասին մեկնեցինք այնտեղ, հրաշալի դիմավորեցին, հիանալի հյուրասիրություն, հիանալ համերգ»,- ասաց երգչուհին:

Նա այնտեղ այցելել է հայկական եկեղեցի, դպրոց, վարժարան, Հրանտ Դինքի գերեզմանին, հանդիպել Դինքի կնոջ հետ: «Շատ հուզիչ էր հանդիպումը: Նա եւ ուրախ էր, եւ տխուր, ուրախ էր, որ իր ամուսնու երազանքը կատարվեց, բայց նաեւ տխուր էր»,- ասաց Նունե Եսայանը:

Ի զարմանս իրեն` այնտեղ հիանալի հայություն կա, մոտ երեսունից ավելի գործող եկեղեցիներ, դպրոցներ: «Ամեն մեկը պետք է գնա, այցելի, տեսնի, խոսքերով չեմ կարող փոխանցել; Մեր ընկերները հիացած են, խորհուրդ կտամ, որ իմ կոլեգաներն էլ այցելեն, որովհետեւ այնտեղ կարոտ են հայ երգին, արվեստին; Անընդհատ պետք է գնալ, գալ, որ այդ կապը լինի մեր մեջ»,- ասաց Նունե Եսայանը: Երգչուհին նշեց, որ եթե հենց վաղն էլ հրավեր լինի, ինքը առանց մտածելու կգնա:

Ինչ վերաբերում է ապագայի ծրագրերին, Նունե Եսայանը տեղեկացրեց, որ կլինեն նոր երգեր, համերգներ, տեսահոլովակներ, շրջագայություններ, իսկ աշնանը սպասվում է մեծ մենահամերգ այստեղ եւ սփյուռքում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երգչուհի Նունե Եսայանը մեկնում է Թուրքիա` մայիսի 11-ին մասնակցելու հայ համայնքի կազմակերպած բարեգործական համերգին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ինքը` երգչուհին: Նա նշեց, որ իր մենահամերգն է լինելու, հայ համայնքն է հրավիրել այնտեղի դպրոցին օգնելու նպատակով: Հարցին, թե ինչի համաձայնեցիք մեկնել Թուրքիա, որեւէ մտավախություն չունեք, նա պատասխանեց: «Ինչի՞ պետք է չհամաձայնեի, հայ համայնքը հրավիրել է, ես էլ գնում եմ իրենց համար: Մտավախություն չունեմ, հայերն են դիմավորելու, հայերի հետ ենք լինելու, հո՞ գել ու գազան չեն, ի՞նչ պետք է անեն»,- նշեց նա:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի