Հանրապետական կուսակցության համամասնական ընտրացուցակում ընդգրկված եւ գործադիր մարմիններում աշխատող թեկնածուները այսօր` մայիսի 18-ին ինքնաբացարկի դիմումներ են գրում Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:
ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարզամանովը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում կոնկրետ անուններ չնշեց` նկատելով, որ ինքնաբացարկի դիմումներ են գրում համամասնական ընտրացուցակում ընդգրկված նախարարները, մարզպետերը, քաղաքապետերը, վարչական շրջանների ղեկավարները եւ գործադիր մարմիններում այլ պաշտոններ զբաղեցնող անձինք:
«Մենք 253 հոգանոց ցուցակ էինք ներկայացրել ԿԸՀ: Բնականաբար մենք ներկայացրել էինք ողջ քաղաքական թիմը եւ նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում հնարավոր չէր բոլորին տեղավորել խորհրդարանում, որը 131 պատգամավոր ունի»,- նշեց Շարմազանովը եւ հավելեց. «Որեւէ գործող պատգամավոր ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել»:
Նա նշեց, որ ինքնաբացարկներից հետո ամենայն հավանականությամբ ՀՀԿ համամասնական ցուցակի մինչեւ 110-111-րդ համարները կանցնեն խորհրդարան:
NEWS.am-ի տեղեկություններում, ինքնաբացարկի դիմում գրելու է մոտ 70 մարդ, որոնց թվում են վարչապետ Տիգրան Սարգսյանը, գործող նախարարները, փոխնախարարները, մարզպետները, ռեկտորները: Այս պահի դրությամբ, ինքնաբացարկի դիմումներ չեն գրել ՀՀԿ համամասնական ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Հովիկ Աբրահամյանը, Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ԱԺ ներկա նախագահ Սամվել Նիկոյանը:




























