Հայաստանում հունիսի 1-ից պաշտոնապես կբացվի կարուսելների սեզոնը եւ հունիսի 1-ին` երեխաների պաշտպանության օրը, դրանք անվճար կլինեն երեխաների համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տեխնիկական անվատնգության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, Երեւան քաղաքի ծառայության պետ Վոլոդյա Հովսեփյանը:
Նրա փոխանցմամբ` Հայաստանի տարածքում գրանցված 115 կարուսել կա, որից 78-ը` Երեւանում, իսկ մնացածը` մարզերում: Կարուսելներ կան Շիրակի, Լոռիի եւ Սյունիքի մարզերում: Նոր կարուսելներ շահագործելու դիմումներ առայժմ ԱԻՆ-ը չի ստացել:
Այս տարի 62 կարուսելներ փորձաքննության ընթացքի մեջ են, մնացած 53-ը դեռեւս չեն դիմել փորձաքննության համար: «Սեզոնը բացվելուն պես, եթե դիմած չլինեն, ժամկետները լրանա, մեր անվտանգության տեսչությունը կարգելի շահագործումը եւ կտուգանի»,- ասաց նա` հավելելով, որ կարուսելները անպայման տարին մեկ, իսկ անհրաժեշտության դեպքում` մի քանի անգամ պետք է փորձաքննություն անցնեն, իսկ փորձաքննություն չանցնելու դեպքում տուգանքը 1 միլիոն դրամ է:
Կարուսելները շահագործվում են «Տեխնիկական անվտանգության պետական կարգավորման մասին» օրենքի համաձայն: Նոր կարուսելներ շահագործելու համար համապատասխան նախագծային եւ տեխնիկական փաստաթղթեր պետք է ներկայացնում փորձաքննության համար: Ի դեպ, 2011թ կարուսելների անսարքության հետ կապված դժբախտ դեպքեր չեն եղել, իսկ 2010թ մի դեպք է գրանցվել, որի ընթացքում երկու հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
«Որոնք անցնում են փորձաքննություն, անվտանգ են: Փորձաքննություն չանցած բոլոր տեսակի կարուսելները վտանգավոր են: Փորձաքննություն անցած կարուսելների միակ վտանգն այն է, որ քաղաքացիները ճիշտ օգտվեն, յուրաքանչյուր կարուսել ունի համապատասխան կանոններ, օրինակ` թե քանի հոգով կարելի է նստել, ինչպես փակել եւ այլն: Եթե փորձաքննություն անցած կարուսել է, եւ տեղի է ունեցել դժբախտ դեպք անսարքության պատճառով, որը որ առկա էր փորձաքննության ժամանակ, նշանակում է` փորձագետն է մեղավոր: Բայց իհարկե նշանակվում է տեխնիկական քննություն եւ պարզվում է, թե ով է մեղավոր»,-ասաց Վոլոդյա Հովսեփյանը:
Նրա փոխանցմամբ` կարուսելների վրա պետք է փակցվեն փորձաքննությունների եզրակացությունները, ինչից քաղաքացին կարող է հետեւություն անել, որ կարուսելը սարքին վիճակում է եւ անվտանգ է: Քաղաքացին անզեն աչքով չի կարող հասկանալ, թե արդյոք այդ կարուսելը անվտանգ է, թե ոչ, որովհետեւ կարուսելներին ներկայացվող պահանջները շատ-շատ են: «Նեղ մասնագիտական հմտություններ են պետք դրանք հասկանալու համար, կարող է նայեք, ներկած է, գեղեցիկ է, բայց սարքին չէ, որտեղից որ գնում եք տոմսը, տոմսարկղերի ապակիներում փակցված է փորձաքննության եզրակացությունը»,- նշեց նա:
Վոլոդյա Հովսեփյանը նշեց, որ քաղաքացիները կարուսելների անվտանգության կամ անսարքության հետ կապված կարող են դիմել իրենց:
Պատրաստեց` Ինգա Մարտինյանը




























