ԱԷՄԳ-ն հաստատել է Իրանում Պիկաքս լեռան տակ գտնվող օբյեկտում ակտիվության առկայությունը, հայտնում է Bloomberg-ը։
ԱՄՆ-ն ու Իսրայելը երկար ժամանակ կասկածում են, որ Իրանն այնտեղ կարող է թաքցնել ուրանի հարստացման համար նախատեսված ցենտրիֆուգներ և դրանց բաղադրիչները։
Միևնույն ժամանակ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը առայժմ պաշտոնապես չի մեկնաբանել հայտնաբերված ակտիվության մասին հաղորդագրությունները։
Պիկաքս լեռան տակ գտնվող օբյեկտը համարվում է Իրանի միջուկային ենթակառուցվածքի առավել պաշտպանված տարրերից մեկը։ ԱՄՆ-ն ու Իսրայելը կասկածում են, որ Իրանն այն օգտագործում է ցենտրիֆուգների և ուրանի հարստացմանն առնչվող սարքավորումների պահպանման համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս սպառնացել է հարված հասցնել օբյեկտին։ Չորեքշաբթի նա հայտարարել է, որ Վաշինգտոնը նկատել է որոշակի ակտիվություն Պիկաքսում և նախազգուշացրել Իրանին չփորձել «խորամանկել», քանի որ հակառակ դեպքում ԱՄՆ-ը «ստիպված կլինի շատ ուժեղ հարված հասցնել»։
Օբյեկտում ակտիվության նոր նշաններ է հայտնաբերել նաև ամերիկյան Center for Strategic and International Studies (CSIS) վերլուծական կենտրոնը։ Այս շաբաթ կազմակերպությունը հրապարակել է արբանյակային լուսանկարների վերլուծություն, ըստ որի՝ օբյեկտում շինարարական աշխատանքների ինտենսիվությունը նկատելիորեն աճել է։
Լեռան տակ գտնվող օբյեկտը դժվար է անմիջականորեն ուսումնասիրել, քանի որ ենթակառուցվածքի զգալի մասը գտնվում է գետնի տակ։ Դրա ենթադրյալ նշանակությունը և պաշտպանվածության աստիճանը Պիկաքսը դարձրել են այն օբյեկտներից մեկը, որը գրավում է ԱՄՆ-ի և Իսրայելի հատուկ ուշադրությունը՝ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ նրանց պահանջների հետնապատկերին։
Ակտիվության մասին հաղորդագրությունները հայտնվել են, երբ Թրամփը կրկին սպառնացել է Իրանին ռազմական հարվածներով, եթե Վաշինգտոնը որևէ գործողություն համարի ուրանի հարստացման թաքնված հնարավորությունները վերականգնելու կամ պահպանելու փորձ։



























