Արտակարգ իրավիճակների նախարարությունում, այսօր` մայիսի 21-ին, տեղի է ունեցել ԱԻՆ ղեկավար կազմի ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է ԱԻ նախարար Արմեն Երիցյանը։
ԱԻՆ Սեյսմիկ ծառայության տնօրենը նախարարին ներկայացրել է ընթացիկ սեյսմիկ ռեժիմը, նշելով, որ սեսյմիկ ծառայության մասնագետները մշտապես ստանում եւ վերլուծում են սեյսմիկ ռեժիմի ցանկացած փոփոխությունների մասին տեղեկատվությունը։
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության տնօրենը, ներկայացնելով եղանակի կանխատեսումը, նշել է, որ առաջիկա հինգ օրվա ընթացքում հանրապետության տարածքում, հիմնականում երեկոյան ժամերին եւ գիշերը սպասվում են ամպրոպ եւ անձրեւ, հնարավոր է քամու ուժգնացում, կա նաեւ կարկտի հավանականություն։
ԱԻՆ հակակարկտային ծառայության տնօրենը զեկուցել է, որ հանրապետության մարզերի` հակակարկտային կայաններով պաշտպանվող տարածքներում կարկտահարություն չի գրանցվել։
ԱԻ նախարարը հանձնարարել է հրավիրել մամուլի ասուլիս եւ բնակչությանը ներկայացնել ընթացիկ սեյսմիկ ռեժիմը, եղանակային սպասվող փոփոխությունները եւ հակակարկտային ծառայության կողմից իրականացվող աշխատանքները։




























